Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա որոշմամբ՝ Վլադիմիր Օհանյանն ու Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամներ՝ վեց տարի ժամկետով։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ՀՌԱՀ անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, մայիսի 31-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, միաձայն որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուից հաղթողներ ճանաչել՝ Դավիթ Վարդանի Ամալյանին և Վլադիմիր Հակոբի Օհանյանին:
Հաղորդագրությունում նշվում է, որ հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսության, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառներում նրանց մասնագիտական աշխատանքային փորձը, հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:
Վլադիմիր Օհանյանը եղել է «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի տնօրենը, «Ար» հեռուստաընկերության գործադիր տնօրենը: 2008-ից 2011 թվականներին զբաղեցրել է Քաղաքաշինության փոխնախարարի օգնականի պաշտոնը: 2011-ի մայիսին նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՌԱՀ անդամ` 6 տարի ժամկետով:
Դավիթ Ամալյանը եղել է Երևանի քաղաքապետարանի Երևանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը: Նա հանդիսանում է մոտ 80 երգի հեղինակ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա: 2011-ին նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական շքանշաններով։ 1990-94 թվականներին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին՝ «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ» 4-րդ գումարտակի, այնուհետև «5-րդ բրիգադի» զորամիավորումներում: