Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան բանակցություններում դեռ համաձայնեցված չեն շատ կարևոր, զգայուն դետալներ. Լավրով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն համաձայնեցված չեն մանր, բայց շատ կարևոր և զգայուն դետալները: Երեքշաբթի օրը Կալինինգրադի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Բացի այդ, նա որոշ մանրամասներ է հայտնել բանակցային գործընթացից․ - «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները՝ տարբեր ձևաչափերով, բազմիցս շատ մոտ էին հանգուցալուծմանը, բայց առաջանում էր անվստահության բնազդ մեկ մի կողմի, մեկ՝ մյուս կողմի մոտ․․․ Սակայն պետք է շարունակել աշխատանքները»:

Ռուսաստանի արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել հանգուցալուծման հասնելու ճանապարհը: «Կա սկզբունքների մի փաթեթ, որոնք ընդհանուր առմամբ բոլորի կողմից համաձայնեցված են, սակայն սատանան դետալների մեջ է՝ ինչպես շարժվել առաջ դեպի այդ հանգուցալուծումը, ինչ ճանապարհով: Դրանք արտաքուստ մանր դետալներ են, սակայն շատ բարդ, զգայուն, այդ թվում նաև՝ ներքաղաքական զարգացումների առումով զգայուն», - ասել է Լավրովը:

Նա նաև ակնարկել է, որ կարող են փոխվել ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները․ - «ԱՄՆ և Ֆրանսիայի նոր նախագահները պետք է նշանակեն նոր համանախագահների, և պետք է միասին մտածենք, թե ինչպես հաղթահարել դեռ չհամաձայնեցված՝ արտաքուստ մանր, սակայն շատ կարևոր հարցերը»:

Հավելենք՝ մարտին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նույնպես Ռուսաստանի արտգործնախարարը ընդգծել էր, թե համաձայնեցված են ընդհանուր սկզբունքները, սակայն մնում են որոշ դետալներ, որոնք բարդ են: «Կողմերը հիմնականում չհերքելով հենքը՝ տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը», - ասել էր Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG