Մատչելիության հղումներ

Սիրիայում սկսվել է Ռաքքան ԻՊ-ից ազատագրելու գործողությունը


Սիրիա - Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատը Ռաքքայի մատույցներում, 6-ը հունիսի, 2017թ․
Սիրիա - Սիրիական դեմոկրատական ուժերի ջոկատը Ռաքքայի մատույցներում, 6-ը հունիսի, 2017թ․

Սիրիայում սկսվել է «Իսլամական պետության» կենտրոնը համարվող Ռաքքա քաղաքը ահաբեկիչ զինյալներից ազատագրելու գործողությունը:

2014-ից Ռաքքան իսլամիստների հիմնական պատվարն է Սիրիայում, այն ազատագրելու գործողությունը սկսել են քրդերից և արաբներից կազմված Սիրիական դեմոկրատական ուժերի և Ժողովրդական պաշտպանության միության ջոկատները: ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժն աջակցում է նրանց:

Սիրիական դեմոկրատական ուժերի մամուլի խոսնակ Թալալ Սիլոն երեկ լրագրողներին ասել է․ - «Այսօր մենք հայտարարում ենք Ռաքքան՝ ահաբեկչության և ահաբկիչների այսպես կոչված մայրաքաղաքը ազատագրելու մեծ կռվի սկիզբը»:

Խոսելով Ռաքքայից հյուսիս ընկած Հազիմա գյուղում, նա հայտնել է, որ Ռաքքայի վրա հարձակումն իրականացվում է երեք ուղղություններով: Ռաքքայի քաղաքացիական բնակչությանը նա կոչ է արել հեռանալ ճակատային գծից և իսլամիստների դիրքերին մոտիկ վայրերից:

Կոալիցիոն ուժերը ասել են, որ Ռաքքայի համար ծանր և դժվարին պայքար է սպասվում, բայց դա վճռական հարված կլինի իսլամական «խալիֆաթի» գոյությանը: Ըստ կոալիցիոն ուժերի տեղեկատվության՝ Ռաքքայում 3-4 հազար զինյալ կա, որոնք պատաստ են հարձակումների:

Անցյալ շաբաթ պաշտոնական Վաշինգտոնը հայտնեց Սիրիական դեմոկրատական ուժերի և Ժողովրդական պաշտպանության միության ջոկատներին զենքով աջակցություն ցուցաբերելու մասին:

Այդ քայլը զայրացրել է Անկարային, որը քրդական ջոկատները կապում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ և նրանց նույնպես ահաբեկչական կազմակերպություններ է համարում:

Երեկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը զգուշացրել է, որ Անկարան կպատասխանի քրդական ջոկատների հարձակումներին, եթե դրանք սպառնան Թուրքիայի անվտանգությանը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպմանը վարչապետ Յըլդըրըմը ասել է․ - «Ահաբեկչական կազմակերպություններին աջակցելը մեր դաշնակիցներին հարիր չէ: Մենք իսկույն անհրաժեշտ պատասխան կտանք, եթե Ռաքքայում կամ տարածաշրջանի այլ կետում իրականացվող գործողությունները սպառնան մեր անվտանգությանը»:

Նշենք, որ Սիրիայում Ռաքքայի ազատագրման գործողությունը հաջորդում է Իրաքում իսլամիստների գլխավոր հենակետը համարվող Մոսուլի վերջնական ազատագրման փուլին: Այս գործողությունների հաջող ավարտի դեպքում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումները թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում կկորցնեն իրենց միջնաբերդը հանդիսացող քաղաքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG