Մատչելիության հղումներ

"Sgt. Pepper's Lonely Hearts Club Band"-ը` 50 տարեկան


"Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" սկավառակի շապիկը ձևավորել են Փիթեր Բլեյքը և Ջեն Հաուորթը:

Կես դար առաջ թողարկվել է ռոքի ամենաազդեցիկ ալբոմներից մեկը:

Երաժշտական աշխարհը տոնում է մի ուշագրավ հոբելյան՝ ճիշտ կես դար առաջ հունիսյան այս օրերին թողարկվել է բիթլերի "Sgt. Pepper's Lonely Hearts Club Band" սկավառակը, որն անմիջապես առաջին տեղերն է գրավել ոչ միայն Բրիտանիայի, այլև Ամերիկայի լավագույն ալբոմների ցանկում: Հոբելյանի առիթով Հոլիվուդի Capitol Records ստուդիայում դրոշն են բարձրացրել:

«Սերժանտ»-ը բիթլերի գլուխգործոցներից հերթականը չէր, երկու սկավառակից կազմված ալբոմի ամեն ինչն էր նորարարական, հետաքրքիր և փայլուն մտածված` և՛ սքանչելի, կատարյալ երգերի ֆանտաստիկ գործիքավորումը, և՛ բուն ալբոմի առեղծվածային գեղարվեստական ձևավորումը:

Շապիկին Ֆրեդ Ատթերի, Կարլ Մարքսի և 20-րդ դարի հայտնի գործիչների ու աստղերի նկարներն էին: Ի դեպ, ետին պլանում բիթլերի թիվ մեկ մրցակիցներն էին՝ «Ռոլինգ Սթոունզ»-ը : Ալբոմի էսքիզը հեղինակել էին փոփ-արթի աստղեր Փիթեր Բլեյքը և Ջեն Հաուորթը:

1968 թվականին «Սերժանտ»-ը ստացել է չորս «Գրեմի», այդ թվում՝ Տարվա լավագույն ալբոմը անվանակարգում: Դա ռոք խմբերի առաջին նվաճումն էր այդ անվանակարգում: Ալբոմի պրոդյուսերը լեգենդար Ջորջ Մարտինն էր՝ «հինգերորդ բիթլը»:

Բիթլերը 129 օր են աշխատել են ալբոմի վրա: Համեմատության համար նշենք, որ առաջին ալբոմը՝ "Please Please Me"-ն, քառյակը ձայնագրել է ընդամենը 585 րոպեում, ասել է թե՝ 10 ժամ է պահանջվել:

Հոբելյանի առիթով այս օրերին «Սերժանտ»-ը վերաթողարկվել է՝ ընդ որում ոչ թե որպես CD, այլ «դասական» երկարանվագ (LP) սկավառակ, և 3-րդ տեղն է գրավել «Բիլբորդ»-ի ցանկում: 50 տարվա ընթացքում «Սերժանտ»-ը վաճառվել է ավելի քան 35 միլիոն օրինակով: Բացի այդ, նոր սերնդի երաժշտասերները տասնյակ հազարներով պատճենահանել են ալբոմը համացանցի պաշտոնական աղբյուրներից՝ stream-ի եղանակով:

«Սերժանտ»-ը համարվում է ռոք-պատմության ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը: Հարյուրավոր երգահաններ խոստովանել են, որ հենց այդ ալբոմի երգերից ոգեշնչվելով են ընտրել երաժիշտ դառնալու դժվարին առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG