Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը


Արամ Խաչատրյանն իր կնոջ՝ Նինա Մակարովայի հետ, Մոսկվա, 1-ը հունվարի, 1977թ.

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և արդեն 13-րդ անգամ այս օրը կմեկնարկի նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին առաջին անգամ մրցույթի պատմության մեջ մասնակցում են միմիայն վոկալիստները:

Այս տարի մրցութային հանձնաժողովի կամ ժյուրիի նախագահն է անվանի դիրիժոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Նրա խոսքով՝ վոկալիստների առաջին անգամ անցկացվող մրցույթն այս տարի տեղի կունենա Օպերային թատրոնում հունիսի 6-ից 14-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթին կմասնակցեն 46 վոկալիստներ 13 երկրներից։

«Մրցույթի առաջին փուլում մասնակիցները ի թիվս այլ ստեղծագործությունների պիտի պարտադիր կատարեն նաև Կոմիտասի ստեղծագործություններից մեկը։ Ամեն տարի խաչատրյանական այս մրցույթին, որը հիմնադրվեց ի պատիվ Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին՝ 2003 թվականին, մասնակցում են շատ անվանի երաժիշտներ՝ թե՛ ժյուրիի կազմում, թե՛ որպես պատվավոր հյուրեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օրբելյանը՝ նշելով, որ այս տարի նրանց թվում են Էլժբետա Պենդերեցկան՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրենը, Հովարդ Ուիթկինսը՝ Մետրոպոլիտեն օպերայից, օպերային հայտնի երգչուհի Օմեդա Կազլաուսը և այլք: Ժյուրիի կազմում են կանադահայ անվանի սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թատրոնի տնօրեն Ջոն Ֆիշերը, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի տնօրեն Ջորջ Պարոդին և ուրիշներ։

«Մասնակիցներն աշխարհի երաժշտական երիտասարդական գունապնակն են բերում Հայաստան։ Այնպես որ, այդ ժամանակահատվածում՝ հունիսի 6-ից 14-ը շատ ուշագրավ բաներ կարող են տեղի ունենալ՝ կլսենք շատ հետաքրքիր երիտասարդ կատարողների, երգիչների՝ և՛ հայերի, և՛ ոչ-հայերի ամբողջ աշխարհից, բայց, իհարկե, նաև Հայաստանից», - ասաց Օրբելյանը։

Մրցույթի հանդիսավոր բացմանը նախորդած ասուլիսին, ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչու որոշվեց մրցույթն անցկացնել նաև «վոկալ» անվանակարգում, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանն ասաց․ - «Վոկալիսների շատ մրցույթներ կան աշխարհում: Ինչ-որ մի արտառոց բան չենք որոշել: Դա շատ նորմալ է և շատ լավ ընկալվեց ամբողջ աշխարհում: Քանի որ Հայաստանում շատ լավ վոկալիստներ կան, վերջին տարիներին շատ լավ ձայներ են հայտնվել Հայաստանում․․․ միջազգային ֆեդերացիան ընդունեց: Սկզբում չէին համաձայնում, որովհետև Արամ Խաչատրյան մրցանակաբաշխությունը գործիքային արվեստի հետ էր կապվում, բայց մենք համոզեցինք՝ նաև դիրիժորների, այնուհետև վոկալիսների»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց․ - «Ժամանակին Արամ Խաչատրյանն ասել է, որ մենք, հայ կոմպոզիտորների հետ միասին, պետք է կարողանանք ստեղծել այնպիսի երաժշտություն, որ աշխարհը սիրի այդ երաժշտությունը և, սիրելով հանդերձ, հետաքրքրվի, թե ով է այս ժողովուրդը, որ ծնել է այսպիսի կոմպոզիտորներ, որտեղ է գտնվում այն երկիրը, որտեղ ծնվում են այսպիսի հրաշալի ստեղծագործություններ: Եվ կարծում եմ, որ Խաչատրյան մրցույթը հենց Արամ Խաչատրյանի այս հիանալի միտքը իրականություն դարձնողն է»:

Հավելենք, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողը որպես պարգև ստանում է 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիները՝ համապատասխանաբար 5 հազար և 3 հազար դոլարին համարժեք դրամ: Կան նաև հատուկ մրցանակներ:

Մինչև այժմ մրցույթն անցկացվել է միայն «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ» և «դիրիժորություն» անվանակարգերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG