Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը «պատրաստ է Չեռնոգորիայի դեմ խաղին»


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Երևանում կայացած ընկերական հանդիպմանը 5-0 հաշվով հաղթեց արևմտյան կիսագնդի ամենափոքր պետության՝ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ռուսլան Կորյանը: Այնուհետև, խաղալով միայն մեկ խաղակես, 30-րդ և 40-րդ րոպեներին խփած գոլերով դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Սարկիսովը, իսկ խաղի ավարտից մեկ րոպե առաջ հաշիվը 5-0 դարձրեց Արտակ Եդիգարյանը:

Չնայած, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականը տարավ պատմության մեջ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը, այդուհանդերձ ընկերական այս հանդիպմանը գրանցած հաջողությունը ոչինչ չի տալիս, խաղից հետո լրագրողներին ասաց Մխիթարյանը՝ ընգծելով, որ պետք է վերլուծել սխալներն ու պատրաստվել հինգ օրից Չեռնոգորիայի ընտրանու հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:

«Փորձելու ենք հաղթանակի համար խաղալ: Չնայած որ հեշտ չի լինի, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ բացակայում են: Բայց չենք մեկնելու այնտեղ, որպեսզի պաշտպանվենք կամ հաշիվ պահենք: Մեկնելու ենք այնտեղ, որպեսզի հաղթենք», - ասաց Հայաստանի հավաքականի ավագը:

Երեկվա հանդիպումից առաջ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ չի հաջողվել ընկերական հանդիպում կազմակերպել ավելի ուժեղ հավաքականի հետ, իսկ ընկերական հանդիպումն անհրաժեշտ էր «օդ ու ջրի նման»:

Ֆուտբոլային ընտրանին, որ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ արդեն երրորդ անընդմեջ հաղթանակն է տանում, պատրաստ է առաջիկա շաբաթ օրը Չեռնոգորիայում կայանալիք հանդիպմանը, խաղից հետո վստահեցրեց մարզիչը․ - «Էս խաղին ավելի վառ, հստակ երևաց, թե ով ինչքանով է պատրաստ: Իմ կարծիքով, Մոնտենեգրոյի խաղին թիմը պետք է պատրաստ լինի»:

Անցած տարվա նոյեմբերին Երևանում աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներումՀայաստանը Չեռնոգորիայի ընտրանուն հաղթեց 3:2 հաշվով: Այժմ Հայաստանի հավաքականը E խմբի աղյուսակում չորրորդ տեղում է՝ 5 խաղից հետո վաստակելով 6 միավոր:

Հունիսի 10-ին հաղթանակի դեպքում Հայաստանը առաջ կանցնի Չեռնոգորիայից և հնարավորություն կունենա պայքարել հաջորդ տարի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում հանդես գալու համար:

«Ոչ թե մեր վերջին շանսի խաղն է․ չեմ տեսնում էդպես: Մենք բոլոր թիմերի հետ խաղում պետք է ձգտենք հաղթանակի: Ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք հաղթանակի: Մենք դուրս են գալիս խաղադաշտ անպայման հաղթելու համար», - ասաց Արթուր Պետրոսյանը:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 68-րդ տեղում գտնվող Հայաստանին 21 հորիզոնականով զիջող քիչ հայտնի հավաքականի հանդեպ երեկվա հաղթանակը շատ կարևոր էր, վստահ է ֆուտբոլային մեկնաբան Գևորգ Ղազարյանը․ - «Հաստատվում է այն, որ հավաքականը իրոք միակուռ ա, հավաքականում լավ մթնոլորտ ա, և Չեռնոգորիայի հետ այդ գալիք խաղը կլինի վերջնակետը, վերջնական պատասխանը՝ արդյո՞ք թիմը վերջնականապես կազմակերպվել ա»:

Հավաքականի երկրպագուների «FAF» ակումբի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի կարծիքով, երեկվա խաղում մրցակցի թույլ լինելը հնարավորություն չտվեց բացահայտել մեր հավաքականի խնդիրները: «FAF»-ի մի քանի տասնյակ անդամներ պատրաստվում են ներկա գտնվել Չեռնոգորիայում առաջիկա շաբաթ օրը կայանալիք խաղին․ - «Երկու-երեք օրից մեկնելու ենք Չեռնոգորիա 30-40 երկրպագուներով: Կապի մեջ ենք Եվրոպայից, Ամերիկային, Կանադայից ժամանող հայ երկրպագուների հետ: Ընդհանուր առմամբ, կլինենք 100-150 երկրպագու»:

Տևական ժամանակ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը պահանջող երկրպագուների ակումբը հավաքականի վերջին հաջողություններից հետո Ռուբեն Հայրապետյանի հեռացման պահանջը չի բարձրաձայնում՝ սպասելով ֆուտբոլային ընտրանու հաջողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG