Մատչելիության հղումներ

Թերեզա Մեյ. «Բա՛վ է, այսպես այլևս չի շարունակվի»


Բրիտանիացի ոստիկաններն ուժեղացված պարեկություն են անցկացնում ահաբեկչական վերջին գրոհներից հետո, Լոնդոն, 5 հունիսի, 2017թ.
Բրիտանիացի ոստիկաններն ուժեղացված պարեկություն են անցկացնում ահաբեկչական վերջին գրոհներից հետո, Լոնդոն, 5 հունիսի, 2017թ.

ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը Լոնդոնի ահաբեկչության համար:

Լոնդոնում հունիսի 3-ին ուշ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական գրոհի հետևանքով զոհվել է 7 մարդ, կան տասնյակ վիրավորներ, որոնցից 21-ը ծանր վիճակում են: Իրավապահները լայնածավալ գործողություն են անցկացնում:

Ինչպեսև ենթադրվում էր, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում միտումնավոր վրաերթի և բազմաթիվ խաղաղ մարդկանց դանակահարելու համար պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ահակեչական շարժումն է ստանձնել: Այսօր վարչապետ Թերեզա Մեյը հավաստիացրել է, որ հետայսու շատ ավելի կոշտ պայքար է մղվելու ահաբեկիչների դեմ:

«Մենք չենք կարող հերքել, որ իսլամական ծայրահեղականությունը մեզ սպառնացող ամենալուրջ վտանգներից է: Ես համոզված եմ, որ Միացյալ Թարավորությունը պետք է մասնակցի «Իսլամական պետություն»-ը և դրա նման խմբերին ամբողջ աշխարհում պարտության մատնելու առաքելությանը: Դա բխում է մեր իսկ ազգային շահից: Բայց մինչ մենք հաջողությամբ դա անում ենք մեր երկրի սահմաններից դուրս, նրանք հետզհետե ավելի ակտիվ են համախոհներ գտնում՝ իրենց թունավոր գաղափարախոսությամբ վարակելով մեր երկրներում ապրող թույլ և խոցելի մարդկանց և դրդելով նրանց ահաբեկչական գրոհներ կատարել այստեղ՝ մեր տանը», - ասել է վարչապետ Թերեզա Մեյը:

Այդ մասին վարչապետն այսօր խոսել է «Միացյալ ծառայությունների արքայական ինստիտուտ» անվամբ վերլուծական կենտրոնում, որտեղ հանդիպել է ընտրողներին:

Այսօրվանից բրիտանական խոշոր կուսակցությունները վերսկսել են անցած շաբաթ օրվա ահաբեկչության կապակցությամբ ընդհատած նախընտրական քարոզարշավը: Հունիսի 8-ին Միացյալ Թագավորությունում նախատեսված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետի խոսքերով, իրավիճակը փոխվել է:

«Բա՛վ է, այսպես այլևս չի շարունակվի: Մենք պարտավոր ենք ավելին անել, շատ ավելին՝ իսլամական ծայրահեղականությունը, ատելության քարոզը արմատախիլ անելու համար: Դա մի գաղափարախոսություն է, որն առաջարկում է ազատության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների արևմտյան արժեքների, ինչպես նաև բուն իսլամի կեղծ այլընտրանք: Դա իսլամի և ճշմարտության աղավաղում է, այդ գաղափարախոսությունը կպարտվի միայն այն դեպքում, եթե մարդիկ ըմբռնեն մեր արժեքները, հասկանան, որ բրիտանական բազմակարծության արժեքները գերակայող են ատելության քարոզի նկատմամբ», - ասել է վարչապետը:

Ըստ նրա, անհրաժեշտ է դեմոկրատական մնացած կառավարությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել կիբերտարածքը կարգավորելու ուղղությամբ, քանի որ մեր օրերին նախևառաջ համացանցի միջոցով են տարածում ստանում ծայրահեղական գաղափարները, և հենց համացանցն է օգտագործվում ահաբեկչական գրոհներ ծրագրելու համար:

«Հաշվի առնելով մեզ սպառնացող մարտահրավերների փոփոխական բնույթը, մենք պետք է վերանայենք մեր հակաահաբեկչական ռազմավարությունը, այնպես անենք, որ ոստիկանությունը և հատուկ ծառայություններն ունենան պայքարի համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Դա ենթադրում է ահաբեկչության, ինչպես նաև ոչ այդչափ ծանր գործերով մեղավորների ազատազրկման ժամկետների երկարաձգում, և մենք կանենք դա», - հավաստիացրել է վարչապետը:

Լոնդոնի կամրջի վրա փոքիկ բեռնատարով հետիոտներին վրաերթի ենթարկած և րոպեներ անց Բորոու թաղամասում դանակներով մարդկանց վրա հարձակված երեք ահաբեկիչներին ոստիկանները տեղում ոչնչացրել են:

Անցած շաբաթ օրվանից սկսած Լոնդոնում հանցագործներին բացահայտելու լայնածավալ գործողություն է իրականացվում․ կան ձերբակալվածներ, նրանց թիվը և անունները հայտնի չեն:

Հատուկ ծառայությունները կասկածյալների մոտ հայտնաբերել են բազում իրեղեն ապացույցներ: Այս մասին հայտնել է Լոնդոնի ոստիկանապետ Կրեսիդա Դիքը:

«Հետաքննությունն արագ է ընթանում, մենք ունենք անհրաժեշտ միջոցներ թե՛ հետաքննության և թե՛ պարեկային ծառայության համար», - ասել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանապետը:

Ահաբեկչության մասին է խոսել նաև Լոնդոնի քաղաքապետը, հավատամքով մահմեդական Սադիք Խանը․ - «Այդ երեք անձերի կատարած արարքը ստոր էր, չար, և ես վրդովված եմ, որովհետև նրանք իրենց քստմնելի գործողություններն արդարացնում են այն կրոնով, որի հետևորդը նաև ես եմ: Նրանց գաղափարախոսությունը թունավոր է և ոչ մի կապ չունի իսլամի հետ: Ես դատապարտում եմ ոչ միայն ահաբեկչությունը, այլև այդ հանցագործների ու նրանց նմանների թունավոր գաղափարները», - ասել է քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG