Մատչելիության հղումներ

«Վարչապետի պաշտոնի համար քասթինգ է հայտարարված»․ Վերլուծաբան


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Հանրապետական կուսակցության տարբեր խմբերի միջև պայքար է սկսվել 2018 թ․ ապրիլից հետո վարչապետի թեկնածության ընտրության հարցով, և այդ պայքարն առաջիկայում սրվելու է: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Իհարկե, էլիտաների ներսում խնդիրներ կան, որովհետև Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, փաստորեն, քասթինգ է հայտարարվել, թե ով է լինելու երկրի առաջին դեմքը՝ վարչապետը 2018 թ․ ապրիլից հետո: Չափազանց տարօրինակ կլիներ, եթե այդ հարցի առնչությամբ հակասություններ չառաջանային տարբեր խաղացողների միջև: Բնականաբար, այդ հակասություններն առկա են, բնականաբար, կան տարբեր թեկնածուներ՝ մարդիկ, ովքեր իրենց տեսնում են այդ պաշտոնում»,- ասաց Իսկանդարյանը:

Խորհրդարանական ընտրություններից հետո լրատվամիջոցներում պնդումներ են շրջանառվում, թե հակասություններ են առաջացել նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Այդ համատեքստում հիշատակվում է երկրի տնտեսության վերաբերյալ վարչապետի սուր ձևակերպումներից մեկը՝ «չափազանց ծանր»: Նշվում է անորակ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ չգործած զինտեխնիկայի մասին Կարապետյանի հայտնի հայտարարությունը, նաև այն, որ վարչապետի մերձավոր մարդկանցից մեկը՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա չէր, երբ նախագահ Սարգսյանը ելույթ էր ունենում նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ: Նա միակ հանրապետական պատգամավորն էր, ով բացակայում էր:

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, իշխանական վերնախավն, այդուհանդերձ, չի բացահայտում, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թ․ գարնանը, որովհետև այդ տեղեկության բացահայտումից հետո գործող նախագահը կկորցնի իր ազդեցությունը: «Այդ պատճառով էլ նախագահ Սարգսյանն այդ գոտեմարտից վեր է կանգնած: Չեմ կարծում, թե մենք գործ ունենք ներկայիս նախագահի ու ներկայիս վարչապետի միջև ծավալվող հակամարտության հետ: Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանը պայքարից վեր է կանգնած: Բայց որ կան զանազան տարբերակներ, որ իշխող կուսակցության տարբեր մարդիկ, տարբեր խմբեր, լոբբիստական կառույցներ այդ պաշտոնոի համար պայքարում են, դա անկասկած է ու դա չի կարող չլինել: Դա անպայման պետք է տեղի ունենա: Մենք Շվեյցարիա չենք, բայց Թուրքմենստան էլ չենք, որ մի նշանակմամբ ամեն ինչ վերջանա: Այս պայքարը մենք կտեսնենք առաջիկա ողջ տարվա ընթացքում: Իսկ թե ինչ է տեղի ունենալու, կիմանանք Ամանորից հետո կամ հենց գալիք ապրիլին»,- ասաց քաղաքագետը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակն էականորեն ծանրացել է, և գործող իշխանությունը չի կարողանում ռեսուրսներ գտնել այն շտկելու համար: Վարչապետի խումբն, ըստ նրա, ունի ռեսուրսներ, սակայն, չի պատրաստվում դրանք ներդնել՝ չունենալով իրական իշխանություն: «Պայքարի պատճառն էլ հենց դա է, որովհետև գործող էլիտաները չեն ցանկանում զիջել իշխանությունը Կարապետյաններին»,- ասում է մեկնաբանն ու շարունակում:

«Այստեղ նույնիսկ անձերը չեն կարևոր: Միայն Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան խնդիրը չէ այստեղ: Ներիշխանական ողջ պալիտրայում առկա են տարբեր շահեր ներկայացնող խմբեր, տարբեր ֆինանսական հնարավորություններ, և խնդիրն առաջացել է այս ամենի ֆոնին: Իրավիճակն այնքան ծանր է, որ ինչ-որ մեկը պետք է բարձր գին վճարի՝ այն փոխելու համար: Բայց ոչ ոք չի ուզում վճարել այդ գինը՝ չունենալով հստակ երաշխիք կոնկրետ իշխանության տեսքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG