Մատչելիության հղումներ

«Հրազդան» ՔԿՀ նախկին պաշտոնյան կալանավորվել է կաշառառության մեղադրանքով


100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ
100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՔԿՀ օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն:

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, ըստ ՀՔԾ-ի, որ «Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու և նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար նրա հարազատներից պարբերաբար խոշոր չափերով կաշառք է ստացել»: «Մասնավորապես, Վ. Ա.-ն, 2015թ. հուլիսից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Հրազդան» ՔԿ հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը, դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, 2015 թվականի սեպտեմբերին պահանջել և երկու դեպքում ստացել է խոշոր չափերով, համապատասխանաբար` 1500 և 1000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ դեպքում՝ 400 ԱՄՆ դոլար կաշառք», - ասված է հաղորդագրությունում:

«Այսպիսով, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու` խոշոր չափերով կաշառք ստանալու համար «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և մեկ դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - փոխանցում է ՀՔԾ-ն՝ հավելելով. - «Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Վ. Ա.-ն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել նաև այլ դրվագներով: Կաշառք վերցնելու փաստեր են ձեռք բերվել հիշյալ քրեակատարողական հիմնարկի այլ աշխատակցի կողմից ևս»:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում ՔԿՀ նախկին պաշտոնյային սպառնում է 4-ից մինչև 10 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG