Մատչելիության հղումներ

"Россельхознадзор"-ը առաջարկում է ԵԱՏՄ-ում կասեցնել անասնաբուժական դեղամիջոցների փոխադարձ ճանաչումը


Հայաստան - Կովեր արոտավայրում, արխիվ

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ "Россельхознадзор"-ը առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ներսում ժամանակավորապես կասեցնել անասնաբուժական գրանցված դեղամիջոցների փոխադարձ ճանաչման գործող կարգը: Այսինքն՝ ԵԱՏՄ-ին անդամակցող որևէ երկրում գրանցված դեղամիջոցը մյուս անդամ երկրների համար պարտադիր չի լինի՝ նրանք կարող են չընդունել, մերժել այդ դեղամիջոցի կիրառումը:

Պարզաբանելով այս առաջարկի դրդապատճառը՝ "Россельхознадзор"-ի տնօրենի տեղակալ Նիկոլայ Վլասովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է. - «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Ղրղըզստանում և Հայաստանում հարյուրապատիկ աճում է դեղամիջոցների գրանցումը, բայց հասկանալի է, որ դրանք գրանցվում են ոչ Հայաստանի և ոչ էլ Ղրղըզստանի, այլ հիմնականում Ռուսաստանի համար»:

Վլասովն ասել է, որ դա նոր միտում է, դեռ իրական վնասներ չկան, բայց պոտենցիալ վտանգներ կան, ու իրենց գործողությունները նպատակ ունեն կանխել հնարավոր վնասները:

Նա կանխատեսել է, որ իրենց առաջարկի շուրջ շատ բարդ քննարկումներ կլինեն, որովհետև ԵԱՏՄ անդամ մյուս երկրները դրա վրա շատ լավ վաստակում են: «Ինչ պատահի գրանցում են: Այդ բոլորը փողով է արվում», - նշել է Վլասովը:

Ավելի վաղ նրա ղեկավարը՝ "Россельхознадзор"-ի տնօրեն Սերգեյ Դանկվերտը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել էր, որ իրենց ծառայությունը դիմել է Եվրասիական հանձնաժողովին՝ առաջարկելով մինչև անասնաբուժական դեղամիջոցների գրանցման մասին ընդհանուր նորմերի ուժի մեջ մտնելը ժամանակավորապես կասեցել դեղամիջոցների գրանցումը փոխադարձաբար ճանաչելու գործող կարգը: Նրա պարզաբանմամբ՝ ընդհանուր փաստաթղթերի բացակայության պատճառով ԵԱՏՄ յուրաքանչյուր երկրում դեղամիջոցների գրանցման սեփական կարգն է գործում, իսկ օգտագործել պարտավոր են բոլորը: "Россельхознадзор"-ը ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված դեղամիջոցներ է հայտնաբերել, որոնց որակը չի համապատասխանում Ռուսաստանում ընդունված չափանիշներին:

Սերգեյ Դանկվերտի խոսքով` գործնականում անասնաբուժական դեղամիջոցները հիմնականում գրանցվում են այնտեղ, որտեղ հեշտ է, մասնավորապես՝ Հայաստանում: Նրա բերած տվյալներով՝ 2017 թվականի մարտի 17-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 236 անասնաբուժական իմունոլոգիական դեղամիջոց, որոնցից միայն 6-ն է արտադրվում Հայաստանում: 2016-ին Հայաստանում գրանցվել է անասնաբուժական 98 դեղամիջոց, իսկ այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում՝ արդեն 42-ը:

Նա այդ թվերը համեմատել է Ռուսաստանի հետ, որտեղ նույն ժամանակահատվածում, 2016-ին գրանցվել է 62, իսկ այս տարվա առաջին երեք ամիսներին՝ ընդամենը 3 դեղամիջոց:

"Россельхознадзор"-ի ղեկավարները կասկածում են, որ ԵԱՏՄ-ին չանդամակցող երկրները անասնաբուժական իրենց դեղամիջոցները փողով գրանցում են Հայաստանում, որպեսզի դրանք վաճառեն ռուսական մեծ շուկայում, առաջարկում են փակել այդ ճանապարհը մինչև ընդհանուր կանոնների հաստատումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG