Մատչելիության հղումներ

Ըստ նախկին վարչապետ, «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի, Սերժ Սարգսյանը «պահեստայինների աթոռը» հատուկ դատարկ է թողել, որ 2018-ին այլընտրանքի հնարավորություն չլինի։

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, Սերժ Սարգսյանն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ 2018-ին ինքը վարչապետ լինի՝ ժառանգորդ չկա։

«Սերժ Սարգսյանը հենց Հանրապետականի ներսում՝ իր շրջապատում, էլ չեմ ասում՝ հանրապետությունով մեկ, այնպիսի մի միջավայր է ստեղծել, որտեղ պահեստայինների աթոռին չկա նստած մարդ։ Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ուզեք թե չուզեք՝ ինքն է վարչապետը, ժառանգորդ չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Լավագույն ցանկությունների դեպքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «անհնարին է պատկերացնել գործող վարչապետ Կարեն Կարապետյանին Ղարաբաղի հիմնահարցով բանակցություններ վարելիս, կամ Հանրապետական կուսակցության հնաբնակների ինտրիգներին դիմանալիս»։

«Անհնարին է, չի դիմանա այդ մարդը, որովհետև ինքը կերպով ներքաղաքական դաշտում այդ թիմի անդամ չէ, չունի կոնկրետ քաղաքական իր թիմը, ՀՀԿ-ի թիմից է այնքանով, ինչքանով... լրիվ նորելուկ է, արտաքին քաղաքական դաշտում ընդհանրապես չկա, նույնիսկ տնտեսական առումով ես շատ փորձել եմ նայել՝ Եվրասիական տնտեսության մասին ինչ տեսակետ ունի՝ չկան, այդ տեսակետները չկան, այդ տեսակետները հստակ չեն, անուղղակի են: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի պահեստայինների աթոռը դատարկ է, և 2018-ին ինքն այդ աթոռը հատուկ է դատարկ թողել, որ այլընտրանքի հնարավորություն չունենա, իսկ սա ամենատխուրն է, որովհետև մարդը, որը խոսում է հայրենիքից, պետությունից, հայրենասիրությունից, մարդկանց կոչումներ է տալիս, խրախուսում է, պատվոգրեր է տալիս, էս մարդը էս բաները խոսելուց առաջ պետք է մտածի՝ «լավ, մի օր էլ ես չկամ, ո՞վ է հաջորդը», - ասաց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, թե Սերժ Սարգսյանը եվրասիական մոդելի պետության մի սխեմա է սարքել, որում «ինքը Նազարբաև է, բայց Նազարբաև չի»։

«Աշխարհի համար «տեսե՛ք, իմ մոտ ընտրություններ կային»՝ այդ ձևական ընտրության մոդելը, «ես մեծամասնություն էի», «ամեն տեղ չեն վերցնում», «Սահմանադրությունն ինձ թույլ է տալիս», բայց ինքը չի թողել որևէ մեկին, որ այդ պահեստայինի աթոռում նստած լիներ, որի պարագայում նայվեր՝ 2018 թվին ինքը կլինի՞, թե՞՝ նա․ չկա այդպիսի մարդ, չի թողել այդ մարդուն ու այդ առումով առանց այլընտրանքի է թողել 2018-ին իր առաջադրվելը, ու դա արվել է մտածված, ինչն ամենատխուրն է», - շարունակեց նախկին վարչապետը։

Իսկ Սերժ Սարգսյանը մտածե՞լ է, թե ոնց է ներկայանալու հանրությանը 2018-ից հետո, հարց է բարձրացնում Արամ Սարգսյանը. - «2018-ին, լավ, Սերժ Սարգսյանը եկավ ու ներկայացավ Ազգային ժողով, ասաց՝ «ես եմ ձեր վարչապետը, էս էլ իմ ծրագիրը՝ 2040 թվականի համար այն նախագահ ժամանակով որ ասում էի», ո՞նց է ընդունելու այդ հանրությունը՝ ոգևորությա՞մբ, թե՞ ապատիայով, փողո՞ց է դուրս գալու, թե՞ արտագաղթելու է, էս մասին մտածե՞լ են՝ ինքը ո՞նց է ներկայանալու»։

Իր կանխատեսումների վերաբերյալ հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Գիտեք, ես չեմ բացառում և՛ փողոցը, ես նաև մտածում եմ, որ արտախորհրդարանական ուժերն այսօրվա վերադասավորումները ու մտածելակերպը՝ այն, ինչ դնում են, դնում են փողոցի վրա, ու այն դեպքում, երբ որ մեզ սոսկալի քննադատում էին, հիմա նաև ասում են՝ «Ելք»-ն էլ, և այլն, որ նաև խորհրդարանում լինի քաղաքական ուժ, որը կդնի այս խնդիրը՝ որ էս ի՞նչ միապետություն է, էս ի՞նչ դիկտատուրա ենք ստեղծում անընդհատ նույնին պահելով, և այս առումով փորձեն ակտիվացնել փողոցը և խնդիրներ լուծեն փողոցի միջոցով, կամ եթե չստացվի դա՝ այդ ապատիան տանելու է նրան, որ հանրությունը ուղղակի լքելու է․․․»։

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG