Մատչելիության հղումներ

Վանաձորում գործող «Ռոսֆրուտ» գործարանն իր ողջ արտադրանքն արտահանում է Ռուսաստան


Վանաձորում 8 տարի գործող «Ռոսֆրուտ» պահածոների գործարանի սեփականատեր Զոհրաբ Քեշիշյանը, ով իր արտադրանքն ամբողջ ծավալով արտահանում է, ասում է՝ իր բիզնեսի հաջողությունը կախված է Ռուսաստանի կայունությունից։

Գործարանը տարվա բոլոր ամիսներին աշխատում է։ Պահածոյացնում են կանաչեղենից մինչև միրգ ու բանջարեղեն։ Հումքը հիմնականում Արարատյան դաշտից է։

Գործարանի պատասխանատուները նշում են, թե արտադրանքի իրացման դժվարություններ չեն ունենում։ Մոսկվայից մշտական պահանջարկ կա։

Նախկինում ընկերությունն ուրիշների արտադրանքն էր Ռուսաստանում իրացնում, այսօր արդեն իրենցը։ Տնօրեն Արմինե Միրզոյանը ասում է՝ Հայաստանում իրենց տնական միջոցներով պատրաստված պահածոների պահանջարկը փոքր է։

«Ստեղ բոլորը պարապ են, իրենք իրենց տներում պահածոները փակում են: Ռուսաստանում բոլորը աշխատում են, նրանք էդքան ժամանակ չունեն, և կարոտով սպասում են Հայաստանի բերք ու բարիքին», - նշում է նա:

Այսօր Վանաձորի պահածոների գործարանում 60 մարդ է աշխատում՝ հիմնականում կանայք։ Թեև սեփականատերը վստահեցնում է, թե գործունեության 8 տարիներին արտադրության ծավալները տարեցտարի մեծացնելու հնարավորություն ունեցել է, սակայն դեռևս արտադրական ամբողջ պրոցեսը ձեռքով է արվում։

«Շատ պրոցեսներ էլ չենք ավտոմատացնում, որ ժողովրդին կարողանանք պահել, աշխատանք տանք», -ասում է Զոհրաբ Քեշիշյանը՝ հավելելով, հիմա, երբ պահանջարկն ընդլայնվել է, հավանական է, որ որոշ աշխատանքներ ավտոմատացվեն, օրինակ՝ պատրաստի արտադրանքների վրա պիտակներ փակցնելու գործը:

Ճաքճքած և եռացող ջրից ու տարաներից այրված ձեռքերով կանայք ամսական միջինը 60 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Գործարանի երիտասարդ սեփականատեր Զոհրաբ Քեշիշյանը, սակայն, այսօր իր աշխատողներին վստահեցրեց, թե այս ամսվանից աշխատավարձերը 10-20 տոկոսով կավելացնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG