Մատչելիության հղումներ

«Փյունիկի» նոր սեփականատերը մտադիր է գումարներ ներդնել «առաջին հերթին սեփական դպրոցում»


«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Արթուր Սողոմոնյան

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն անհատույց տրվել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանին։ Այսօր այս մասին հայտարարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին՝ «Փյունիկի» արդեն նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանն ու ինքը՝ գործարարը։

Ռաֆայել Հայրապետյանը հույս հայտնեց, որ Սողոմոնյանը նույնքան սրտացավ կվերաբերվի իրեն տրված ակումբին, որքան իր ընտանիքը։

«Վերջապես հայտնվեց մի մարդ, ով կարող է մեր գործը շարունակել և ինչու չէ՝ նաև իր մեծ ներդրումն ունենալ այդ ամենի մեջ», - նշեց «Փյունիկի» նախկին սեփականատերը: - «Կասկած չունեմ, որ հաջողությունները և նորանոր նվաճումները նույնպես շարունակելու են քայլել «Փյունիկ» ակումբի հետ զուգահեռ», - հավելեց Ռաֆայել Հայրապետյանը:

Նա շեշտեց՝ ակումբին պատկանող գույքը կշարունակի համարվել Հայրապետյանների սեփականությունը, բայց ակումբի գործունեությունից ստացված եկամուտն այլևս իր ընտանիքի բյուջեն չի համալրի։

«Դա ուղղակի ներքին համաձայնության արդյունք է, չի վաճառվել: Ակումբի տնօրինումը և կառավարումը հանձնվել է պարոն Սողոմոնյանին», - մանրամասնեց Ռաֆայել Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրերս առաջ լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրել էր՝ դեռ տասը տարի առաջ է ասել, որ եթե հարմար մեկը գտնվի, ապա «Փյունիկը» կփոխանցի նրան՝ վերջ տալու բոլոր այն խոսակցություններին, որոնք կապվում էին իր ու որդու անվան հետ։ - «Եթե լինի մարդ, որը «Փյունիկը» վերցնի, տիրություն անի, պահի՝ հենց այս պահին պատրաստ եմ հանձնելու, որ էս խոսակցությունների վերջը տամ, որ՝ իրա թիմնա, տղայի թիմնա», - պարզաբանել էր Հայրապետյանը։

Ֆուտբոլասերների շրջանում Հայրապետյանի դեմ բողոքները լայն թափ ստացան անցած տարի՝ պահանջում էին նրա հրաժարականը։ Հայտարարում էին, թե Հայրապետյանը միջամտում է Հայաստանի հավաքականի գործերին, և հավաքականի ձախողումները վերագրում էին հենց նրան։ Հայրապետյանն էլ օրեր առաջ հայտարարեց՝ գերադասեց «Փյունիկը» հանձնել ու շարունակել ղեկավարել ֆեդերացիան։

Ռուբեն Հայրապետյանի որդին նաև պարզաբանեց, թե ինչու, այնուամենայնիվ, գերադասեցին «Փյունիկը» պարզապես տալ գործարարին․ - «Այս գործարքը տեղի է ունեցել նրա համար, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու իր ընտանիքի անդամները կապ չունենան ինչ-որ ակումբի հետ: Այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտել ակումբի տնօրինումը հանձնել պարոն Սողոմոնյանին, որովհետև վստահում ենք իրեն ու համոզված ենք, որ կկարողանա արժանվույն ձևով տնօրինել այն»։

Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում և մի շարք այլ երկրներում նավթային ապրանքների արտադրությամբ զբաղվող Սողոմոնյանը գոհ է գործարքից՝ հիշեց, որ «Փյունիկը» տաղանդավոր ֆուտբոլիստներ է տվել աշխարհին՝ օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը։

«Ակումբի ձեռքբերման գաղափարը ծնվեց, քանի որ «Փյունիկի» վարած քաղաքականությունը սրտիս մոտ է, այն ավելի շատ ոչ թե լեգիոներներ է ձեռք բերում, այլ սեփական ֆուտբոլիստների է դաստիարակում: Այն հայկական ամենամեծ ակումբն է, և մեր նպատակն է գումարներ ներդնել առաջին հերթին սեփական դպրոցում», - մանրամասնեց նա:

Գործարարը նշեց, որ նախատեսում է տարեկան մինչև 3 միլիոն եվրո գումար ներդնել «Փյունիկում»։ Նա հավելեց, որ Ռուբեն Հայրապետյանը այլևս ակումբի գործերին չի խառնվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG