Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով նա չի կարողացել կառավարել ավտոբուսը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 2-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Լամբադա կամրջի մոտ մարդատար ավտոբուսի կողաշրջման մասին: Կան տուժածներ:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Ազատության» փոխանցեց, որ ըստ նախնական տվյալների, վարորդի ինքնազգացողությունը վատացել է, որի հետևանքով, «ինքնագիտակցությունը կորցնելով, չի զգացել, որ մեքենան բարձրացնել է թմբի վրա և կողաշրջվել է»: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Նավասարդյանի փոխանցմամբ, հիվանդանոցներ են տեղափոխվել ևս 9 մարդ, որոնցից 5-ը արդեն դուրս են գրվել, 5-ը դեռ հետազոտվում են:

«Ծանր վնասվածքներ չունեն, բոլորի վնասվածքները թեթև են: Վարորդը 60 տարեկան է, առավոտյան անցել է բուժզննում: Սպասարկող կազմակերպությունը գոհ է վարորդից», - ասաց Հենրիկ Նավասարդյանը՝ հավելելով, որ ավտոբուսը նախատեսված է 45 ուղևորների համար, ըստ նախնական տվյալների, կողաշրջման պահին ավտոբուսում 25 մարդ է եղել:

«Իր [վարորդի] առողջականի հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: Ավտոբուսը 2007-2008 թվականի է, նորմալ վիճակում է եղել առավոտյան, լրիվ նոր անվադողերով է մեքենան: Մինչև իր շուռ գալը եղել է սարքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավտոբուսի շահագործող ընկերության աշխատակիցը:

Առաջին համալսարանական հիվանդանոցի պատասխանատու բժիշկ Արտակ Օհանյանը «Ազատության» հաղորդեց, որ իրենց մոտ են տեղափոխվել կողաշրջված ավտոբուսի 6 ուղևորներ․ - «Մեր ունեցած տեղեկություններով, տուժել են 14 հոգի, մեզ դիմել են 6-ը»:

«16.20-ի դրությամբ գրեթե միաժամանակ ընդունվել են 6 տուժածներ, որոնց մեջ էր նաև վարորդը: Տուժածներից մեկը 12 տարեկան երեխա էր, ով նշում էր սրտխառնոց, գլխապտույտ, այսինքն՝ ուղեղի ցնցման նշաններ ուներ: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նա տեղափոխվել է մանկական մասնագիտացված կենտրոն՝ Ծերեթելիի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց: Մնացած 4 հիվանդների մոտ մանր քերծվածքներ էին: Մեկ տուժածի մոտ կար սթրեսային վիճակ: Աղջիկ էր 21-22 տարեկան, որը նույնպես հիմա իրեն լավ է զգում: Բոլոր հիվանդները այս պահի դրությամբ ուղարկվել են տուն», - ասաց Արտակ Օհանյանը:

Անդրադառնալով 23 համարի ավտոբուսի վարորդի առողջական վիճակին, բժիշկն ասաց․ - «Կդժվարանամ ասել՝ ինչ խնդիր է ունեցել վարորդը, մեզ մոտ հետազոտվելուց հետո միայն աջ հոնքի պատռված, սալջարդ վերք էր: Վերքը մշակվել է, կարեր է դրվել, և ներկա պահին անհանգստացնող որևէ բան չկա»:

Սուրբ Աստվածամայր հիվանդանոցի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանը փոխանցեց, որ հիվանդանոց է տեղափոխվել ավտոբուսի վթարից տուժած 3 երեխա՝ 3, 4 և 12 տարեկան:

Բժշկի փոխանցմամբ, 3 և 4 տարեկան երեխաները հետազոտվել և տուն են ուղարկվել, իսկ 12 տարեկան Գևորգը ավելի լուրջ հետազոտությունների կարիք ունի:

«Այժմ երեխան տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք: Այսօր կման հսկողության տակ, առավոտյան կրկնակի հետազոտություն կարվի, կտեսնենք», - ասաց Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG