Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն ընդունել է Երևանի մետրոյի նախկին աշխատակիցների դիմումը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրտում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրտում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել և գրանցել է Երևանի մետրոպոլոիտենի երեք նախկին աշխատողների հայցադիմումը, որոնք 3 տարի առաջ զրկվեցին աշխատանքից ընդամենը մեկ անգամ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ցույցին մասնկակցելուց հետո:

«Ազատության» հետ զրույցում նրանց փաստաբան Քրիստինա Գևորգյանն ընդգծեց, որ Հայաստանի դատարանները իրականացրել են ոչ-օբյեկտիվ և կողմնակալ դատաքննություն՝ ոտնահարելով իր պաշտպանյալներ Գագիկ Գալստյանի, Սևակ Հովհաննիսյանի ու Անդրանիկ Գևորգյանի իրավունքները և խախտելով միջազգային մի շարք կոնվենցիաների հոդվածներ․ - «Այս խմբաքանակով խախտումների հետ կապված, դա կլինի երևի թե առաջին գործը, որտեղ խախտվել է հա՛մ արդար դատաքննության իրավունքը, խտրականության մոտեցում է ցուցաբերվել, և՛ խոսքի ազատությունն է խախտվել, ինչպես նաև՝ սեփականության իրավունքը»:

Անցած տարի Վճռաբեկ դատարանը մետրոպոլիտենի նախկին աշխատողների բողոքը վարույթ չէր ընդունել: Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ մետրոպոլիտենի ղեկավարության՝ բեկանելով դատական առաջին ատյանի որոշումը, որով անհիմն էին համարվել ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին աշխատանքից հեռացնելու հրամանները:

Վերաքննիչ դատարանը նաև շարժասանդուղքի մեքենավարներին զրկել էր աշխատանքի չվերականգնելու դիմաց հատուցում ստանալու իրավունքից: Ավելին, Հայաստանի դատարանները ուժի մեջ էին թողել Գագիկի, Անդրանիկի և Սևակի աշխատանքային գրքույկներում արձանագրված հիմնավորումը, թե գործատուն կորցրել է վստահությունը նրանց նկատմամբ։ Հենց այս պատճառով փորձառու մասնագետները տարիներ շարունակ չէին կարողանում նոր աշխատանքի տեղավորվել: 4 անչափահաս երեխաների հայր Սևանը ցայսօր ապրուստ հոգում է օրավարձով աշխատանք գտնելով: Գագիկի և ԱՆդրանիկի ճակատագիրն ավելի լավ է դասավորվել, նրանք հիմնական աշխատաքնգտել են:

Երեքն էլ «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ էական չեն համարում նախկին աշխատանքին վերադառնալը, պարզապես սկզբունքային հարց է՝ ապացուցել, որ սիրելի աշխատանքից զրկվել են անարդարացիորեն․ - «Թող Եվրադատարանը մեր օգտին ընտրի, մեզ դա էլ բավական կլինի, որպեսզի զգանք, որ մենք ճիշտ էինք, և ինչպիսի տեսակի ղեկավարներ կան հիմնարկներում այսօրվա դրությամբ, որ ցանկացած գրչի հարվածով կարող են մարդու ճակատագիր որոշեն»:

Մետրոպոլիտենի իրավաբան Արտակ Երեմյանը ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր, թե բավարարված է դատարանների որոշումներից՝ պնդելով, թե շարժասանդուղքի մեքենավարներին աշխատանքից հեռացրել են «թերի աշխատանքի և մետրոպոլիտենին անդառնալի վնասներ պատճառելու համար»՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչու 15 տարվա ընթացքում նրանից և ոչ մեկին գեթ մեկ նկատողություն չի արվել:

Մինչդեռ նախկին աշխատակիցների փաստաբանը պնդում է, որ մեկուկես տարի շարունակված դատաքննության ընթացքում մետրոպոլիտենի ղեկավարությունը այդպես էլ չկարողացավ այդ «թերի աշխատանքի կամ պատճառած վնասի» վերաբերյալ որևէ փաստ ներկայացնել․ - «Յուրաքանչյուր դատական նիստին ինչ-որ մի հորինված հիմք էր ծագում: Դա արդեն անընդունելի է, և ես կարծում եմ, շատ գործ ունեն այստեղ անելու դատարանները: Այսինքն անկողմնակալ, անաչառ դատարանները, որոնք, ցավոք, մենք այս պահի դրությամբ չունենք»:

«Այս պատմությունը վատ նախադեպ կարող է դառնալ աշխատող-գործատու հարաբերություններում», - կարծում է փաստաբան Գևորգյանը՝ ընգծելով, որ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող երկրում քչերն են համարձակվում բարձրաձայնել ոտնահարված իրավունքների մասին․ - «Առհասարակ աշխատողների իրավունքները պաշտպանված չեն Հայաստանում, որովհետև կարող է մի օր աշխատել անձը և հաջորդ օրը, եթե տնօրինությանը մի բան դուր չեկավ, հայտնվի դրսում, ինչպես երեք մետրոպոլիտենի աշխատողները, որոնք ունեն երեխաներ, ունեն ընտանիքներ, և մետրոպոլիտենի համար դա ակնհայտ էր, որ իրենք այլևս չեն կարող գտնել նմանատիպ աշխատանք»:

«Դեմ եմ պարտադիր կուտակայինին» նախաձեռնության անդամ, «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամ ընտրված Դավիթ Խաժակյանը, ով հետևում էր այս դատական գործընթացին, վստահ է, որ Եվրադատարանը բավարարելու է այս հայցադիմումը: Նա ցավով ընդգծում է, որ նորից հարված է հասցվելու Հայաստանի վարկանիշին․ - «Եթե իրենք կարծում են, որ այսպես են պայքարելու ակտիվ, իրենց կարծիքը արտահայտող քաղաքացիների դեմ, ապա պետք է իմանան, որ Հայաստանում ավելի է հիմնավորվելու եվրոպական ատյաններին դիմելու այս գործընթացը, և դրա արդյունքում տուժելու է բացառապես Հայաստանի Հանրապետությունը և տուժելու Հայաստանի Հանրապետության արդարադատական համակարգը: Մեր այն բյուրոկրատիան պետական, որը անընդհատ քաղաքացուն ստիպում է համակերպվել խնդիրների հետ, լուրջ վերանայման կարիք ունի: Եվ որը նաև խոսում է այն մասին, որ քաղաքացիները գնում են Եվրոպական դատարան են դիմում՝ արդարադատություն փնտրելով, իսկ վատագույն դեպքում արտագաղթում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG