Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր դեմ մահափորձի կանխման մի քանի դրվագների մասին է պատմում ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի փաստավավերագրական ֆիլմում, որը կցուցադրվի այս ամիս ամերիկյան հեռուստատեսության եթերում:
Չորս մասից բաղկացած «Պուտինի հարցազրույցը» կինոնկարի ընթացքում, ինչպես ռեժիսորն է պատմել, Կրեմլի ղեկավարը խոսում է իր վրա հարձակումների հինգ անհաջող փորձի մասին:
Սթոունը հետաքրքրվել է Պուտինից, թե ինչ է մտածում իր ճակատագրի մասին: «Աստծուն են միայն հայտնի մեր ճակատագրերը՝ թե՛ Ձերը, թե՛ իմը», - պատասխանել է Ռուսաստանի նախագահը:
ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդիի և Ռիչարդ Նիքսոնի մասին ֆիլմերի հեղինակ Օլիվեր Սթոունի նոր ֆիլմը հիմնված է Պուտինի հետ զրույցների վրա: Երկու տարվա ընթացքում լրագրողը 12 անգամ հանդիպել է Կրեմլի ղեկավարի հետ: Ինչպես նշում է Սթոունը, նախկինում Պուտինը երբեք այդքան երկար և այդքան անկեղծորեն չէր շփվել արևմտյան լրագրողի հետ: