Ամերիկացի միլիարդատեր-մեկենաս Ջորջ Սորոսը Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ Բրյուսելում գումարված տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Եվրոպական միության բուն գոյությունը հայտնվել է չափազանց լուրջ վտանգի տակ:
Սորոսն ասել է, որ իր սերնդի եվրոպացիները անվերապահորեն հավատացել են շարունակվող ինտեգրման գաղափարին: Հաջորդ սերունդները Եվրամիությունը սկսել են ընկալել որպես թշնամու, որը խլում է մարդու անվտանգությունը և երազած ապագան: Շատերը նույնիսկ կասկածի տակ են առել բազմամշակութային Եվրոպա կայացնելու՝ միության կարողությունը, մեծացել է հակաեվրոպական և օտարատյացության գաղափարներ քարոզող կուսակցությունների աջակիցների թիվը:
«Դրսից Եվրամիությունը շրջապատված է թշնամաբար տրամադրված պետություններով՝ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանով, Ռեջեփ Էրդողանի Թուրքիայով, Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի Եգիպտոսով և մի Ամերիկայով, որը կցանկանար ստեղծել, բայց չի ստեղծի Դոնալդ Թրամփը», - ասել է Սորոսը:
Նրա համոզմամբ՝ 28 երկրներից կազմված Եվրամիությունն այսօր հասել է մի հանգրվանի, որից անդին կա՛մ ինտեգրման խորացումն է, կա՛մ փլուզումը, և միայն արմատական բարեփոխումները թույլ կտան կանխել այս կառույցի կործանումը:
«Իսկ ներսից Եվրոպական միությունը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո կառավարվում է ժամկետանց պայմանագրերով, միության ներսում կան հաստատություններ, որոնք արդյունավետ չեն գործում և ինչ-որ իմաստով նույնիսկ կաթվածահար են անում ամբողջ աշխատանքը»,- ասել է Սորոսը:
Այդ առումով նա առանձնացրել է եվրոյի գոտին, «որը դարձել է միացյալ տարադրամի փայփայած գաղափարի ճիշտ հակապատկերը»: Նույնիսկ ամենապարզ նորարարությունները, որոնք պետք է նպաստեն միացյալ տարադրամի արդյունավետությանը, կարող են ներմուծվել միայն միջկառավարական համաձայնագրերով, քանի որ ամրագրված չեն հիմնադիր պայմանագրերում: Զարմանալի չէ, որ այդ պայմաններում Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, համարվելով եվրոյի գոտու անդամներ, անընդհատ հետաձգում են եվրոն շրջանառության մեջ դնելու ժամկետը: Սորոսի համոզմամբ՝ այդ ամենի հետևանքով Եվրամիության կառույցները դարձել են շատ բարդ, դանդաղաշարժ և խոչընդոտում են զարգացումը: