Մատչելիության հղումներ

ՌԴ ֆինանսների նախկին նախարար․ Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների


Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում, 1-ը հունիսի, 2017թ․
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ելույթ է ունենում Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում, 1-ը հունիսի, 2017թ․

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը պնդում է՝ Պուտինի վարչակազմը պատրաստ չէ բարեփոխումների, անգամ այսպես կոչված կորսված տասնամյակից հետո, երբ տնտեսական աճը միջինում ընդամենը մեկ տոկոսի էր հասնում: Նախկին նախարարն այդ մասին ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, որտեղ պատմել է նաև Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին հանդիպման մանրամասները:

Անցած տարի՝ Ռուսաստանի խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին, Վլադիմիր Վլադիմիրովիչը հանձնարարել էր Կուդրինին առողջացման ծրագիր մշակել, ինչը մեծ ոգևորությամբ էր ընդունվել ներդրողների կողմից: Կուդրինը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաերկարակյաց ֆինանսների նախարարն էր, որի օրոք կառավարությունը մարեց 90-ականների վերջից կուտակված արտաքին պարտքի էական մասը: Փորձառու տնտեսագետը պնդում է՝ այսօր Ռուսաստանի տնտեսությունն աշխուժացնելու և զարգացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել պետության դերը տնտեսության մեջ, կրճատել կախվածությունը նավթից, ներդրումներ անել կրթության ոլորտում և բարեփոխել հարաբերություններն Արևմուտքի հետ:

«Օրինակ, նավթային ոլորտը պետք է առաջիկա 7-8 տարիների ընթացքում ամբողջությամբ սեփականաշնորհվի, մենք այնտեղ պետական ընկերությունների կարիքն այսօր չունենք, պետությունը պետք է միջամտի միայն անվտանգության, երբեմն՝ սակագնի հարցում, մնացած խնդիրները գործարարներն իրենք կլուծեն: Պետական ընկերություններում՝ դոտացիաների տեսքով ներդրումներ անելու փոխարեն կառավարությունը պետք է այդ գումարները ենթակառուցվածքների զարգացմանը ուղղի», - ընդգծում է Ալեքսեյ Կուդրինը:

Երեկ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Կուդրինը ներկայացրեց իր ծրագրի հիմնական դրույթները, ընդգծելով՝ առաջիկա տարիներին տնտեսական աճը անգամ 3 տոկոսի հասցնելու համար Ռուսաստանը պետք է կարողանա ապրանքներ արտադրել, որոնք կսպառվեն ողջ աշխարհում: «Իսկ դրա համար անհրաժեշտ է նոր արտաքին քաղաքականություն, փոխզիջումների գնալու ու պայմանավորվելու ունակություն», - ընդգծեց նախկին նախարարը:

«Տնտեսական աճի ավելի բարձր տեմպ ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն պայմաններ ստեղծել նորարարության ու արտադրության զարգացման համար, այլև դուրս գալ մրցունակ շուկա ու դիմանալ այդ մրցակցությանը: Մեզ մեր ներքին շուկան բավարար չէ, տնտեսությունը աշխուժացնելու համար մեզ անհրաժեշտ է կրկնապատկել ոչ հումքային արտահանումը, ինչը նավթ ու գազ վաճառելուց շատ ավելի բարդ է», - ասաց Կուդրինը:

Նախկին նախարարը, սակայն, թերահավատ է, որ գործող իշխանություններն իր այս առաջարկներին կհետևեն: «Դրանք շարքից կհանեն Պուտինի ստեղծած՝ կենտրոնացված կառավարման համակարգը, որը արտոնություններ է տալիս իշխանությանը մոտ կանգնածներին», - Bloomberg-ին տված հարցազրույցում պնդել է Ալեքսեյ Կուդրինը՝ ընդգծելով․ - «Ռուսաստանը աղետալի ձևով ժամանակ է կորցնում, իշխանությունները, ցավոք, շատ դանդաղ են հասկանում, որ անհրաժեշտ են կառուցվածքային փոփոխություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG