Ազգային ժողովի՝ կլոր տարին հատուկ պահպանվող դարպասները մեկ օր բացվում են փոքրիկների առջև։ Այսօր այդ օրն էր։
Նորընտիր պատգամավորներից շատերն այսօր զավակների հետ էին աշխատավայր եկել:
Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի որդին՝ Հովսեփը, մասնագիտության ընտրության հարցում չի կողմնորոշվել, բայց հաստատ որոշել է՝ պատգամավոր դառնալ չի ուզում:
«Օրինակ՝ ես իմ հայրիկին առավոտը չեմ տենում», - պատճառաբանեց նա:
Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի ավագ որդու՝ Քրիստիանի սրտով էլ չէ պատգամավորի աշխատանքը, իսկ կրտսերը՝ Նարեկը, «նախընտրական» ծրագրեր ունի, ասում է կդառնա պատգամավոր, որ «գործեր անի»:
Երեխաներն այսօր ոչ միայն ծանոթ մուլտհերոսներից էին բարեմաղթանքներ լսում, այլև՝ անծանոթ քաղաքական գործիչներից: Թոռների ուղեկցությամբ Խորհրդարանի այգի եկած Աժ նախագահ Արա Բաբլոյանի խոսքով՝ իշխանությանն ուզում է, որ երեխաները լինեն առողջ ու երջանիկ, ունենան ապահով ու բարեկեցիկ ապագա: Վկայակոչում է Արաբկիր բժշկական համալիրի ուսումնասիրության արդյունքները՝ հայաստանցի երեխաներն իրենց երջանիկ են համարում:
Լրագրողներն ԱԺ նախագահին հիշեցնում են աղքատության տոկոսները՝ պաշտոնական թվերով մոտ մեկ միլիոն հայաստանցի աղքատ է:
«Նույնիսկ ամենադժվար սոցիալական վիճակում ընտանիքի մոտեցումը և մեր հանրությանը մոտեցումը երեխայի նկատմամբ այնպիսին է, որ երեխան արդեն իրեն երջանիկ է զգում», - նշեց Արա Բաբլոյանը: «Ազատության» հարցին՝ «իսկ իշխանությունը անելիքներ ունի՞ երեխայի երջանկությունը ապահովելու հարցում, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Անելիքներ շատ ունենք: Շատ բան արված է, բայց դեռ շատ էլ անելիք ունենք»:
Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ լավ երկիր ունենալը կստացվի:
«Ամեն ինչ անում ենք, որ մեր երկիրը դառնա աշխարհում լավագույններից մեկը», - հայտարարեց նա:
Խորհրդարանի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ դժվարությունները կոփում են երեխային․ - «Ես էլ շատ բան չեմ ունեցել, բայց ինձ շատ երջանիկ եմ համարել: Ամենամեծ նվերը, որ ստացել եմ՝ ֆուտբոլի գնդակն է եղել: Եվ իմ կյանքի ամենամեծ նվերը դեռ դա է, երբ որ հայրս ինձ ֆուտբոլի գնդակ նվիրեց»:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդիրներն է մատնացույց անում․ - «Մարդիկ ամիսներով հերթ են պահում, որ իրենց երեխաներին տանեն մանկապարտեզ: Ընդ որում, եթե Երևանում դա անվճար է, այլ համայնքներում մանկապարտեզները անվճար չեն: Երեխաների իրավունքների հետ կապված, ինձ թվում է խաղաղություն է պետք առաջին հերթին, որ խաղաղ լինի, երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան: Մենք էլ ինչ կարող ենք՝ անենք, որ նրանք երջանիկ Հայաստանում մեծանան՝ ազատ, անկախ, երջանիկ, և կարողանան իրենց իրացված զգան իրենց երկրում և երբեք չմտածեն Հայաստանը լքելու մասին»: