Մատչելիության հղումներ

Պուտինը չի բացառել ռուս հաքերների միջամտությունը տարբեր երկրների ընտրական գործընթացներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր պատասխանելով արտասահմանցի լրագրողների հարցերին՝ չի բացառել, որ «հայրենասեր ռուս հաքերները» կարող էին միջամտել տարբեր երկրներում ընտրական գործընթացներին:

«Հաքերները նկարիչների պես ազատ մարդիկ են և տեսականորեն հնարավոր է, որ, հայրենասիրական զգացմունքներից ելնելով, ինչ-որ բան են արել», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ «պետական մակարդակով Ռուսաստանը նման բաներով չի զբաղվում և չի զբաղվելու»:

«Ես խորը համոզմունք ունեմ, որ հաքերները չեն կարող էականորեն ազդել ընտրական գործընթացների վրա», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը և շարունակել, թե «հնարավոր է, որ ինչ-որ մեկը հատուկ է նման բան անում և այդ շղթան այնպես ներկայացնում, որ հաքերային հարձակման աղբյուրը Ռուսաստանը լինի»։

Սանկտ Պետերբուրգում այսօր մեկնարկած ավանդական միջազգային տնտեսական ֆորումին Պուտինը հանդիպել է միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը պայքարում է իր ազգային շահերի համար, սակայն նրան «փորձում են կանգնեցնել՝ դիմելով միջազգային իրավունքին հակասող գործողությունների»:

Ռուսատյացությանը վերաբերող հարցին Ռուսաստանի նախագահն արձագանքել է․ - «Դրա հիմքում բազմաբևեռ աշխարհի կայացումն է, ինչը դուր չի գալիս մոնոպոլիստներին։ Նման տրամադրությունները, սակայն, երկար չեն տևի, իրավիճակը դեպի լավն է փոխվում, ռուսառյացությունը նվազում է»:

Ի պատասխան գերմանացի լրագրողի հարցին, Պուտինն ասել է, որ չի աջակցում առաջիկայում Գերմանիայում կայանալիք ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչներից որևէ մեկին․ - «Մեզ միևնույն է ում հետ աշխատել։ Կարևոր է, որ այդ մարդիկ, ինչպես մենք՝ ռուսական կողմը, արդյունավետ համագործակցելու ցանկություն ունենան»։

Ինչ վերաբերում է կանցլեր Մերկելին, Պուտինի փոխանցմամբ, իրենք ունեն և՛ տարաձայնություններ, և՛ ընդհանրություններ։

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև վեճի առարկա հանդիսացող Հարավկուրիլյան կղզիների մասին հարցին ի պատասխան՝ Պուտինն հայտարարել է, թե սպառազինությունների մրցավազքը նախաձեռնողը ռուսական կողմը չէ: Այդումենայնիվ Մոսկվան, Պուտինի պնդմամբ, մտադիր չէ անգործ նայել, թե ինչպես է Միացյալ Նահանգները հակակհրթիռային համակարգեր տեղադրում Հարավային Կորեայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG