Մատչելիության հղումներ

Հայաստանում մինչև տարեվերջ համայնքների խոշորացման հերթական փուլն է նախատեսվում


Կառավարությունը նախատեսում է մինչև տարեվերջ կյանքի կոչել համայնքների խոշորացման հերթական փուլը՝ 5 խոշոր համայնքներում միավորելով Լոռու մարզի Ալվերդու, Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների 61 համայնքներ:

Կառավարության հավանությանն արժանացած օրենքի նախագծով նախատեսվում է Ստեփանավանին միացնել հարակից 18 գյուղեր, Տաշիրին՝ 19, իսկ Ալավերդու տարածքում 3 գյուղախումբ ստեղծել՝ Ալավերդի, Օձուն և Ախթալա կենտրոններով։

Մարզային իշխանությունները համաձայն են կառավարության այն տեսակետի հետ, թե այս խոշորացումը լուրջ բարեփոխումներ է բերելու համայնքներին։

Մինչդեռ իշխանությունների ծրագրերի նկատմամբ վստահություն չունեցող գյուղացիները կասկածներ ունեն, թե որևէ բան արվում է գյուղացու կյանքը բարելավելու համար։

«Էնա՝ գյուղացու տիրոջ հերը կանիծեն, դռները կփակենք... սա ոչ մի լավ բան չի տալու վնասից բացի», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Ստեփանավանից 12 կիլոմետր հեռու գտնվող Գարգառ գյուղի բնակիչ Արայիկ Սահակյանը:

Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում համայնքների խոշորացումը նախատեսված է հաջորդ տարի: Տարածքի ամենամեծ գյուղի՝ Ջրաշենի համայնքապետարանի 11 աշխատողներին լուրն անհանգստացրել է։ Ընդամենը 3 ամիս առաջ գյուղապետի տեղակալ նշանակված 22-ամյա Դավիթ Ենգոյանը հաշվել է, որ Հայաստանի 900-ից ավելի համայնքների միավորման արդյունքում հազարավոր աշխատատեղեր են կրճատվելու։ Ինքն էլ նրանցից մեկը կլինի: Գյուղապետարանի առնվազն 8 աշխատող կկրճատվի։ Վերևների հիմնավորումներին, թե կրճատումների հաշվին արվող խնայողություններն ուղղվելու են համայնքների զարգացմանը, գյուղապետի ամսական 125 հազար դրամ ստացող տեղակալը թերահավատ է։

«Էտի ասում են, մենք չենք հավատում ըտենց բաների», - ասաց Ենգոյանը: - «Ես հիմա մտածում եմ արտագնա աշխատանքի մասին», - հավելեց նա:

Գյուղի հողաշինարար Սուրիկ Մանուկյանը շեշտում է՝ դեռ 2 տարի առաջ միավորված համայնքներում առայժմ դրական փոփոխություններ չեն տեսել։

«Արդեն փորձը կա, արել են չէ՞: Բա ինչի՞ համար են էդ մարդիկ դժգոհում: Եթե լավ ըլնի՝ մեզ էլ կխրախուսի, որ մենք էլ միանանք», - հիմնավորում է նա:

Մինչդեռ գյուղի ավելի տարեցները Կառավարության հետ համամիտ են։ Տեղական բյուջեի հաշվին աշխատավարձ ստացողների վրա արվող ծախսերն անիմաստ են համարում, համայնքների միավորումը՝ տեղին։

«Թող միացնեն, ավելի լավա, 30 հոգի աշխատող ունեն, ձրի փող են առնում», - ասում էին նրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG