Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ-ը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը և վստահեցնում՝ առաջնագծում հարաբերական հանգիստ է


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը շփման գծում իբր հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ ոչնչացնելու մասին:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն: Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

«Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն», - վստահեցնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

Երեկ էլ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր նույն օրը Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած մեկ այլ հաղորդագրություն, թե իբր ոչնչացվել է Ղարաբաղի Պաշտպանության բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ): «Ավելին՝ այսօրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմի լուրջ խախտումներ չեն արձանագրվել, իսկ նմանաբովանդակ ապատեղեկատվության տարածումը բացառապես ուղղված է ադրբեջանական լսարանին: Պաշտպանության բանակը շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և որևէ կորուստ չի ունեցել», - ասված էր Ղարաբաղի պաշտպանության նախարարության մայիսի 31-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG