Մատչելիության հղումներ

Դատարանը վերացրել է «Սասնա ծռեր»-ի երեք անդամների տեսակցությունների արգելքը


Արայիկ Խանդոյանը ՊՊԾ գնդի գրավված տարածքում, հուլիս, 2016թ․

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի երեք անդամներ դատարանի որոշմամբ իրավունք ունեն տեսակցելու ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Որոշումը կայացրել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի և Արմեն Լամբարյանի տեսակցությունների արգելքը վերացնելու պահանջով դիմել էր դատարան՝ նշելով, որ նրանց գործի նախաքննությունն ավարտված է, գործն ուղարկված է դատարան, և նախաքննական մարմնի պնդումները, թե կխոչընդոտեն նախաքննությունը, այլևս արդիական չեն։ Դատարանը բավարարել է նրա դիմումը։

Արայիկ Խանդոյանը, Աշոտ Պետրոսյանը և Արմեն Լամբարյանը մեղադրվում են շենք-շինություններ գրավելու, ապօրինի զենք-զինամթերք փոխադրելու, պատանդ վերցնելու մեջ։ Նրանց գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը անցած տարվա հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվեցին իրավապահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG