Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ չի լինի Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու տեսնել


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 31-ը մայիսի, 2017թ․
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 31-ը մայիսի, 2017թ․

2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի հետ կապված անորոշությունը պահպանվում է: Թեպետ իշխող Հանրապետականում՝ ի դեմս Հայաստանի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի, հստակ կանխատեսումներ կարողանում են անել, թե ինչպիսին են տեսնում 2040-50 թվականների Հայաստանի ապագան և բնակչության թիվը, այդուհանդերձ՝ ընդամենը մեկ տարի հետո երկրում սպասվող փոփոխությունների մասին դեռևս դժվարանում են խոսել, առավել ևս՝ կոնկրետ անուններ նշել:

Այս համատեքստում ուշագրավ է նաև Ազգային ժողովում ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի կարծիքը: Եթե «Ելք» դաշինքում վստահ են, որ իշխող կուսակցությունը վարչապետ Կարեն Կարապետյանին օգտագործեց ձայն հավաքելու համար, ապա «Ծառուկյան» դաշինքում խուսափում են անուններ շոշափել:

«Ազատության» հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Վարդան Բոստանջյանը, այդուհանդերձ, ակնարկել է՝ դեմ չի լինի Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու տեսնել․

«Ազատություն»․ - Քանի որ, ընդդիմադիրների պնդմամբ, 2018 թվականի ապրիլից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի լիազորությունները, այլևս Կարեն Կարապետյանը չի շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, դատելով այսօրվա պրոցեսներից, նաև այն հանգամանքից, որ իշխող Հանրապետականը հրաժարվում է ասել՝ արդյոք Կարեն Կարապետյանը կշարունակի 2018-ից հետո էլ ղեկավարել կառավարությունը, թե՝ ոչ, Ձեր գնահատականը, վերլուծությունը ո՞րն է:

Բոստանջյան․ - Գնահատականի առումով ես ասեմ հետևյալը․ ես մի փոքր ուզում եմ ժպտամ նրա վրա, թե մենք այս պրոցեսը ինչի պետք է անձնավորենք: Ինձ թվում է՝ էս հարցը արդեն իսկ անձնավորելը մեր կողմից ես չեմ կարծում, որ մեծություն է համարվում: Սա ընթացիկ, բամբասանքային․․․

«Ազատություն»․ - Ձեզ հետաքրքիր չէ՞՝ ով կլինի իշխող ուժի վարչապետը:

Բոստանջյան․ - Իհարկե հետաքրքիր է, բայց ես միգուցե չեմ փնտրում գոյություն ունեցողների մեջ, հասկանո՞ւմ եք:

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում՝ թույլ կտա՞ն շարունակել Կարեն Կարապետյանին, հատկապես որ կան պնդումներ, որ այսօր հակասություններ կան Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև, և այս ներիշխանական դասավորումների արդյունքում է որոշվելու, թե ում ձեռքին կկենտրոնանա իրական իշխանությունը:

Բոստանջյան․ - Ա՛յ, գիտե՞ք, էն օրը ես մի բառ եմ ասել, չեմ ուզում նորից կրկնեմ էդ բառը՝ ո՞վ է, է, բստրել էդ հակասությունները: Հասկանո՞ւմ եք, Դուք գիտե՞ք դրա մասին, ես անձամբ չեմ իմանում, եթե Դուք գիտեք, ես կուզենայի, որ ինձ էլ լուսաբանեիք՝ ես իմանայի էդ հակասությունների մասին: Եթե չկա հակասություն, ես ինչի՞ մասին խոսեմ:

«Ազատություն»․ - Դու չեք տեսնում այդպիսի հակասություն:

Բոստանջյան․ - Ես չեմ տեսնում: Եթե մինչև անգամ էլ ուզենար լիներ, քաղաքական էթիկան ու կուլտուրան պահանջում էր չտեսնել:

«Ազատություն»․ - Նայեք, ինչու է նաև նման եզրահանգումների տեղիք տալիս: Սերժ Սարգսյանի ելույթին քաջատեղյակ եք՝ ծավալուն այդ ելույթին, որտեղ նա խոսում էր 2040-2050 թվականների ծրագրերի մասին: Շատերը նշում են, որ սա հեռացող նախագահի ելույթ չէր, և չեն բացառում, որ 2018-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի իր լիազորությունները, նա կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը: Դուք այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք:

Բոստանջյան․ - Եթե ես տեսնեի էլ այդպիսի հնարավորություն, բացարձակապես չէի զարմանա, բացարձակապե՛ս: Եթե երկրի մասին մտածողները ունեն պլաններ, ի՞նչ վատ բան է: Սա ես չեմ հասկանում՝ որտեղից է մեր մոտ․․․

«Ազատություն»․ - Այսինքն, Դուք դեմ չեք, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018-ից հետո:

Բոստանջյան․ - Ես դեմ չեմ լինի, ուրեմն, բոլոր այն թեկնածուների կտրվածքով, որոնք ամբողջությամբ և առավելագույնս տրված են մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը հենց այդպիսինն է․․․

Բոստանջյան․ - Դե բա փաստորեն եթե Դուք լսեցիք ելույթը, Դուք հետևեցիք, ելույթի մեջ պարունակվում էին բոլոր, բոլոր այն օրախնդիրները, կարևոր խնդիրները, որոնք իսկապես կանգնած են մեր երկրի առջև:

«Ազատություն»․ - Դուք ընդդիմադիր խմբակցություն եք ներկայացնում, տարօրինակ չէ՞, որ Դուք դեմ չեք, որ իշխող ուժի ղեկավարը շարունակի իր պաշտոնավարումը նաև վարչապետի պաշտոնում:

Բոստանջյան․ - Ես ոչ թե դեմ եմ կամ կողմ եմ, ես իրավունք չունեմ բացառելու, Դուք երևի կոնտեքստը, համատեքստը չնկատեցիք, թե ես ինչ եմ ուզում ասեմ:

«Ազատություն»․ - Հիմա Դուք չե՞ք բացառում այդ հնարավորությունը:

Բոստանջյան․ - Ես չեմ բացառում էդ հնարավորությունը, բայց, միևնույն ժամանակ, ես չեմ ասում, որ հակաուժ կարող է չառաջանալ, հասկանո՞ւմ եք:

«Ազատություն»․ - Իշխանությա՞ն ներսում:

Բոստանջյան․ - Նաև: Ե՛վ ներսում, և՛ դրսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG