Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում լքել ֆեդերացիան: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ վերջին օրերին հոգնել է լրագրողների զանգերից ու հարցից, թե հեռանո՞ւմ է Հայաստանից։

«Մի քիչ ըտենց անհեթեթ բաներին ուշադրություն մի դարձրեք», - հորդորեց Ռուբեն Հայրապետյանը:

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հայրապետյանին այսօր ասուլիս ժամանակ խիստ զայրացրեց իր քաղաքական գործունեության վերաբերյալ հնչած հարցը։

«Դուք որտե՞ղ եք հիմա գտնվում․ Հանրապետական մարզադաշտում եք, կուսակցության շենքում չեք: Ի՞նչ կապ ունի Ձեր հարցը իմ այսօրվա մամուլի ասուլիսի հետ», - դժգոհեց ՀՖՖ նախագահը: - «Տղա ջան, դուք չե՞ք սովորելու, որ ես ո՛չ պատգամավոր եմ, ո՛չ քաղաքականությամբ եմ զբաղվում․․․ ի՞նչ ես եկել ստե՝ մարզադաշտում քաղքական հարց տալի։ Հետո՞: Ճարպիկ ըտենց լրագրող ես, էլի», - հավելեց Ռուբեն Հայրապետյանը, երբ լրագրողը պարզաբանեց, թե փորձում էր մի փոքր շեղվել ասուլիսի բուն թեմայից:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չցանկացավ մեկնաբանել նաև իր և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի միջև լարված հարաբերությունների մասին լուրերը։

«Ո՞վ ա Հրաչյա Ռոստոմյանը, չեմ ճանաչում: Հարցը փոխեք՝ ուրիշ հարց», - ասաց նա:

Ռուբեն Հայրապետյանը հաստատեց վերջին օրերին տարածված լուրերը՝ ֆուտբոլային «Փյունիկ» ակումբն այլևս չի պատկանի իր ընտանիքին: Բայց ճշտեց՝ ինքը ակումբը նվիրել է, ոչ թե վաճառել:

«Ի՞նչն եմ վաճառում: Էդ ո՞վ էր փող տալու՝ «Փյունիկը» առներ, որ ես էլ վաճառել եմ: Տասը տարի անընդհատ չե՞մ ասել՝ եթե լինի մարդ, որը «Փյունիկը» վերցնի, տիրություն անի, պահի՝ հենց այս պահին պատրաստ եմ հանձնելու, որ էս խոսակցությունների վերջը տամ, որ՝ իրա թիմնա, տղայի թիմնա», - պատմեց ՀՖՖ նախագահը: - «Կա՛մ ես պիտի ֆեդերացիայից դուրս գամ, կա՛մ «Փյունիկը» պիտի հանձնեմ՝ դա է խնդիրը եղել: Որոշումը կայացվել է՝ ես մնում եմ Ֆեդերացիայում, «Փյունիկը» հանձնում եմ», - հավելեց Հայրապետյանը:

«Փյունիկ» ակումբի նոր սեփականատեր, ռուսաստանցի գործարար Արթուր Սողոմոնյանը հնարվոր է փոխի ակումբը անունը, բացի այդ խոստացել է ջանքեր գործադրել, որ ակումբն ի վերջո նվաճի եվրոպայի լիգայի ուղեգիր։

«Ինքը հայրենասեր տղա է, ֆուտբոլ շատ սիրող անձնավորություն: Ինքը երազում է, որ, ինչպես մեր կողքի հանրապետությունները, Եվրոլիգայում մասնակցենք: Կան նման ծրագրեր և դա իրատեսական է», - վստահեցրեց Ռուբեն Հայրապետյանը:

Թեև իրավական տեսանկյունից Հայրապետյանը «Փյունիկի» հետ այլևս որևէ կապ չի ունենա, այնուամենայնիվ ոչ բոլորը հնարվորություն կունենան համագործակցել ակումբի հետ։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան նա հայտարարեց, որ ֆուտբոլից հեռացված «մի երկու հոգու» չի թողնելու անգամ «Փյունիկի» պարիսպների մոտ ման գալ:

«Սեփականատերը ով ուզումա լինի՝ ճաղերին էլ չեմ թողնելու մոտ գա զուտ հանուն հայկական ֆուտբոլի: Որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ուղղակի դա իմ սուրբ գործնա, որովհետև նրանք ֆուտբոլի չարիքներ են», - հայտարարեց նա:

Հայաստանի ազգային հավաքական չի վերադառնա նաև հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հարցազրույցներից մեկում նշել էր, թե կարոտում է հավաքականի հետ խաղերը։

«Բա կարոտում էին հավաքականը՝ խի՞ էին փախնում հավաքականի խաղերից, խի՞ էին հրաժարվում հավաքականում խաղալուց։ Էդ դեմագոգիայով պետք չի զբաղվել», - նշեց ՀՖՖ նախագահը:

Հայրապետյանն ասաց՝ այժմ գոհ է ազգային հավաքականում տիրող մթնոլորտից․ - «Տենաք՝ մարզիչից բռնած, բոլորը, սպասարկող անձնակազմից, ֆուտբոլիստներով՝ իրար լպստելով ման են գալի: Հանգիստ թողեք էս հավաքականը իրա խաղերը խաղա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG