Մատչելիության հղումներ

Անդամակցությունը «Եվրիմաժին» կարող է խթանել հայ կինոյի զարգացումը․ կինոգետ


Կինոդահլիճ, արխիվ
Կինոդահլիճ, արխիվ

Կինոքննադատ, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում, ներկայացնելով հայ կինոյի զարգացման հետ կապված իր մտահոգությունները, շեշտում է՝ Եվրախորհրդի շրջանակներում գործող համատեղ կինոարտադրության և վարձույթի հիմնադրամին՝ «Եվրիմաժին» անցյալ տարվա հունվարից Հայաստանի անդամակցությունը կարող է «շատ ռեալ տեղաշարժեր» առաջացնել հայ կինոյի զարգացման առումով: Դրան, իհարկե, կնպաստի նաև առաջիկայում «Կինոյի մասին» օրենքի ընդունումը:

«Անդամակցությունը «Եվրիմաժին» ոչ միայն ձեռքբերում է, այլև նույն չափով պարտադրող բան է, քանի որ դա իր հետ պիտի բերի մեր կինոինդուստրիան թափ տալու նման մի դրսևորում, որովհետև, եթե մենք դրամաշնորհներ ստանալու և մեր կինոարտադրությունը զարգացնելու ցանկություն ունենք, պետք է ներկայացնենք բավականին ուժեղ նախագծեր:

Իսկ այդ նախագծերի հիմքում պետք է կանգնած լինեն պրոդյուսերները: Իսկ կինոպրոդյուսերների դպրոցը Հայաստանում իսպառ բացակայում է: Առանց դրա այսօրվա կինոաշխարհում մասնակից լինելը պարզապես անհնար է»,- ասում է Րաֆֆի Մովսիսյանը:

Նա շեշտում է, որ կինոարվեստի զարգացման ոլորտում մեր հարևան Վրաստանը «մի քանի քայլ առաջ է»: Այնտեղ վաղուց գործում է կինոյի մասին օրենքը, համատեղ ֆիլմարտադրությունն էլ բավական լուրջ տեմպերով է զարգանում: Մինչդեռ, որպես նախկին խորհրդային երկիր, Հայաստանն ու Վրաստանը «սկսել են միևնույն կետից»:

«Հայֆիլմի» սեփականաշնորհումից հետո ստեղծվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որը, Րաֆֆի Մովսիսյանի համոզմամբ, չկարողացավ արդյունավետ կերպով լուծել հայ կինոյի խնդիրները: «Ցավոք, ազգային կինոկենտրոնը չարդարացրեց իր գոյությունը, որովհետև անհայտ էր, թե ինչ խողովակներով է պետական աջակցությունը հասնում կինոարտադրողներին, կամ ովքեր էին կանգնած արտադրության թիկունքում»,- ասաց կինոքննադատը, մատնանշելով նաև մի շարք այլ խնդիրներ:

Անդամակցությունը «Եվրիմաժին» կարող է խթանել հայ կինոյի զարգացումը․ կինոգետ
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG