Մատչելիության հղումներ

Եղնուկյանը դատարանին․ «Սերժ Սարգսյանը ձեզ փուռը կտա»


Կարո Եղնուկյանը դատարանում, արխիվ

Դատարանն այսօր հերթական անգամ մերժեց Կարո Եղնուկյանի բողոքը քննիչների և դատախազի անգործության դեմ:

Ընդդիմադիր գործիչը, մասնավորապես, պահանջում էր իր գործն առանձնացնել «Սասնա ծռեր»-ի վարույթից: Մոտ 15 րոպե անցկացնելով խորհրդակցական սենյակում՝ դատավորը հրապարակեց մերժման որոշումը:

Մինչև դրա հրապարակումը, Կարո Եղնուկյանը դատավորի համար ընթերցեց նոր խորհրդարանի առաջին նիստում Սերժ Սարգսյանի ելույթից հատվածներ․ «Ինչպես գիտեք, իմ սիրած թեմաներից է արդարությունը, բարոյականությունը, անկախությունը, ազատությունը և այլ նմանատիպ բարձր գաղափարներ: Եվ ես առիթը բաց չեմ թողնում՝ դատարաններում հորդորել քննիչներին, դատախազներին և դատավորներին, որ հավատարիմ լինեն դրանց: Երևում է՝ ձեր գլխավոր հրամանատարը ուշի ուշով հետևում է իմ ելույթներին և գրագողություն է անում»,- այսօր դատարանում հայտարարեց Եղնուկյանը:

Ընդդիմադիր գործիչը հատված առ հատված մեջբերում էր Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե անարդարությունը չարիք է, հիվանդություն, թուլացնում է պետությունը, վերացնում ապագայի նկատմամբ հավատը, և որ իշխանությունները պատերազմի նոր փուլ են հայտարարում անարդարությանը:

«Հուսով եմ՝ ողջամիտ կգտնվեք և չեք անտեսի ձեր գլխավոր հրամանատարի հորդորը: Զգուշացնում եմ, որ դավաճանություն պիտի համարվի ցանկացած մեկի՝ առավել ևս դատավորի թույլ տված անարադարությունը: Ինձ թվում է՝ սա նախազգուշացում է, որ ձեզ փուռը տալու մտադրություն ունի ձեր գլխավոր հրամանատարը, իր իսկ մեղքերը քողարկելու համար»,- ասաց Կարո Եղնուկյանը:

Ավելի քան 10 ամիս անազատության մեջ գտնվող Եղնուկյանը մեղադրվում է անցած ամառ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասն ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ: Հաջորդ շաբաթ մեկնարկող դատավարությանը նա այդ խմբի 13 անդամների հետ է մասնակցելու:

Ըստ մեղադրանքի, Եղնուկյանը ձգտել է զինված խմբի անդամներին ապահովել ռադիոկապով, կեղծ տեղեկություններ է տարածել այն մասին, թե իբր գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում, ապահովել է մարդկանց տեղափոխումը Ազատության հրապարակից Խորենացի փողոց:

Գործի հիմքում Ազգային անվտանգության ծառայությունը դրել է Եղնուկյանի ֆեյսբուքյան գրառումները և հեռախոսային հինգ գաղտնալսումներ՝ երեքը կնոջ, երկուսը «Սասնա ծռեր» խմբից Վարուժան Ավետիսյանի ու Արամ Հակոբյանի հետ: Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ կնոջ հետ եղել է առօրյա զրույց, իսկ զինված խմբի անդամներին նա չի օժանդակել: «Ասում են՝ ապահովել է քաղաքացիների տեղափոխումը: Ոզում ենք այդ «ապահովել» բառը հասկանանք՝ ի՞նչ է արել, որ ապահովել է, ի՞նչ նկատի ունեն»,- հարցեր է հնչեցնում փաստաբանը:

Մեղադրանքի հաստատման դեպքում ԱՄՆ-ի քաղաքացի Կարո Եղնուկյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG