Մատչելիության հղումներ

Սարիթաղցիներին առաջադրված մեղադրանքը «քաղաքական հաշվեհարդար է»․ ամբաստանյալների հարազատներ


Սարի թաղ, 19-ը հուլիսի, 2016 թ․

Սարի թաղի գործով տուժող ճանաչված ոստիկաններից մեկի կարծիքով, 2016 թվականի հուլիսի 19-ին Սարի թաղի բնակիչների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման ժամանակ ոչ թե ոստիկաններն են զենք գործադրել, այլ կրակոցներ են հնչել ՊՊԾ գնդի տարածքից։

Նախորդ տարի հուլիսին «Սասանա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո, Սարի թաղը մայրաքաղաքի կենտրոնին կապող հիմնական ճանապարհներից մեկը, որը հարում է ՊՊԾ գնդի տարածքին, փակվել էր։ Անվտանգության նկատառումներով այնտեղ անջատվել էր գազամատակարարումը։ Բնակիչները զրկվել էին նաև ջրից, թաղամասում չէր աշխատում տրանսպորտը։ Սարի թաղի բնակիչների պնդմամբ՝ «սոցիալական բողոքը» հուլիսի 19-ին վերածվեց ոստիկանների ու սարիթաղցիների միջև բախման։

Այն, որ բողոքը սոցիալական բնույթ ուներ, իր ցուցմունքում նշել է նաև տուժող ճանաչված ոստիկաններից մեկը։ Սակայն, այսօրվա դատական նիստին տուժող ճանաչված ոստիկաններից մեկը նախ պնդեց, որ հավաքվածների նպատակը ՊՊԾ գնդի տարածք ներխուժելն էր, այնուհետև վերաձևակերպեց ասածը, հավաստիացնելով՝ որևէ մեկից նման պնդում չի լսել, ընդամենը ենթադրել է։

Հուլսի 19-ի դեպքերից հետո 10 քաղաքացու առաջադրվել է մեղադրանք՝ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Նրանցից մեկի՝ Սարգիս Գրիգորյանի գործով այսօր կայացած դատական նիստին հարցաքննվեցին երկու ոստիկան: Նրանք ասացին, որ ամբաստանյալին չեն ճանաչում։ Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը կարծում է, որ տված ցուցմունքերում ոստիկանները փորձում են իրենց գործողություններն «արհեստականորեն ձերբազատել բռնությունից», որպես «ագրեսոր» ներկայացնելով բողոքի դուրս եկած քաղաքացիներին։

Տուժած ոստիկաններից կոչումով ամենաբարձրը՝ մի փոխգնդապետ, դատական նիստի ժամանակ հայտարարեց՝ ընդունում է, որ խնդիր կար թաղամասում, բայց նաև հավաստիացրեց՝ բնակիչները կարող էին դիմել ոստիկաններին՝ «ղեկավարությունը հարցը կլուծեր»։

Ամբաստանյալների հարազատների պնդմամբ, հուլիսի 19-ին Որմնադիրների փողոցում հավաքվածների պահանջը սոցիալական բնույթի էր, իսկ ամբաստանյալներին մոտ 10 ամիս անազատության մեջ պահելն ու 5-10 տարի ազատազրկում ենթադրող մեղադրանք առաջադրելը զուտ քաղաքական հաշվեհարդար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG