Մատչելիության հղումներ

Աղաբաբյանը զարմացած է․ ««Հրազդանն» ինձ է պատկանում, այն չի կարող վաճառվել»


«Հրազդան» մարզադաշտը, արխիվ

Հանրապետական կուսակցության հիմնադիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պնդում է, թե կառավարությունը չի կարող վաճառել «Հրազդան» մարզադաշտը, որովհետև 2004 թվականից մարզադաշտը և հարակից ծածկված լողավազանն իրեն են պատկանում:

Իսկ պահեստային մարզադաշտն էլ, որը գտնվում է «Հրազդանի» հարևանությամբ, մինչև 2050 թվականն իրեն վարձակալության է հանձնված: «Մարզադաշտն ինձ է պատկանում, չի կարող վաճառվել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ սեփականատեր Աշոտ Աղաբաբյանն, ի դեպ, կառավարության այդ որոշման մասին տեղեկացել է հեռուստաեթերից և զարմացել: «Անակնկալ էր ինձ համար, ես հեռուսատատեսությամբ լսեցի, որ «Հրազադան» մարզադաշտն են վաճառում: Այդ մարզադաշտը սեփականություն է, չի կարող վաճառվել»,- պնդեց նախկին պատգամավորը:

Նախորդ հինգշաբթի կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ վաճառքի են հանվելու, մասնավորապես, Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» շենքը, Մաշտոցի պողոտային կից՝ Կառավարության ընդունելությունների տունը, Աշտարակի խճուղու մոտ տեղակայված «Հայֆիլմ» կինոստուդիան, բազմաթիվ այլ պետական ձեռնարկություններ: Այդ ցանկում ներառված է նաև Երևանի Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն:

Ըստ Աշոտ Աղաբաբյանի, «Հրազդան» մարզադաշտը և հարակից ծածկված լողավազանն իրենք 2004-ին գնել են 87 միլիոն դրամով: Ի սկզբանե՝ կառավարությունը 5 միլիոն դրամ է պահանջել պահեստային մարզադաշտի համար, բայց հետո բարձրացրել է գինը, հասցնելով 2,5 միլիոն դոլարի: Այդ պատճառով, ըստ ՀՀԿ հիմնադիր անդամի, իրենք չեն կարողացել գնել նաև պահեստային մարզադաշատը, բայց իրենց հաջողվել է մինչև 2050 թվականն այն վարձակալական հիմունքով տնօրինելու իրավունք ստանալ:

«Խնդիրն այն էր, որ «Հրազդան» մարզահամալիրի պահեստային դաշտի հասցեն ուրիշ էր, այն, բնականաբար, մարզահամալիրից անջատեցին, և մենք դարձանք «Հրազդան» մարզահամալիր ՓԲԸ սեփականատեր: Պահեստայինը դուրս մնաց, բայց 49 տարվա վարձակալությամբ մեզ է պատկանում»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:

Նախկին պատգամավորի խոսքով, վարձակալության տասնվեց տարիների ընթացքում իրենք արդեն մոտ 200 հազար դոլարի ներդրում են կատարել, նաև վարձակալության դիմաց զգալի գումար վճարել․ «16 տարի է վճարում ենք վարձակալության համար, որն այս տարիների ընթացքում 100 միլիոն դրամից ոչ պակաս է կազմել»:

«Ազատության» հարցմանն ի պատասխան, Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունից այսօր պարզաբանեցին․ «Վարձակալության փաստը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու հարցում»:

Վարչությունից նաև մանրամասնեցին՝ մասնավորեցման ենթակա «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ին պատկանող շենքերի շինությունների մակերեսը կազմում է 948,3 քմ. (վարչական շենք՝ 678,3 քմ, ավտոտնակներ՝ 270 քմ), իսկ հողամասի մակերեսը՝ 3,9 հա, որից շուրջ 3,5 հա զբաղեցնում է պահեստային մարզադաշտը, իրեն սպասարկող հողատարածքով:

Ինչ վերաբերում է գնին, նշվում է․ «Ընկերության գնահատման եզրափակիչ ակտը դեռևս չկա և գույքի, ինչպես նաև ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքի (նաև վաճառքի գնի) վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող: Գույքի վերջնական գնահատումից հետո շրջանառության մեջ կդրվի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծ»:

Թե մինչև 2050 թվականը վարձակալության հանձված անշարժ գույքը կառավարությունն ինչպե՞ս է պատրասատվում վաճառել, և ինչպե՞ս է գնորդը որևէ գործունեություն ծավալելու ուրիշի կողմից վարձակալված և օգտագործվող տարածքում, Պետգույքի կառավարման վարչությունից խոստացան այս հացրին պատասխանել ավելի ուշ:

Ի դեպ, Պետական գույքի կառավարման վարչությունը, որը պատրաստվում է վաճառել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն, գլխավորում է Աշոտ Աղաբաբյանի քրոջ և ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Հենց նա էլ այս հարցը ներկայացնում էր կառավարության նախորդ հինգշաբթի կայացած նիստում:

Աշոտ Աղբաբայանը մտադիր է այս հարցով դիմել վարչապետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG