Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահ․ Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների արտաքսումը սադրանք է


Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Կրեմլում, Մոսկվա, 17-ը հունվարի, 2017թ․

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնական Մոսկվային կոչ է անում Քիշնևում Ռուսաստանի դեսպանության հինգ աշխատակիցների արտաքսմանն ի պատասխան հապճեպ քայլերի չդիմել: Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին հանդես եկող Դոդոնի համոզմամբ՝ Մոլդովայի եվրոպամետ կառավարության անդամները ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին որոշումը կայացրել են երկկողմ հարաբերություններում արհեստական ճգնաժամ առաջացնելու նպատակով:

«Իմ համոզմամբ՝ Մոլդովայի կառավարության և խորհրդարանական մեծամասնության այս գործողությունները Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերության դեմ ուղղված սադրանք էին: Նրանք լրջորեն մտահոգված են, որ իմ ընտրությունից հետո անցած վեց ամիսներին Ռուսաստանի հետ հարաբերություններում դրական դինամիկա է արձանագրվել», - հայտարարում էր Դոդոնը:

Նշենք, որ Մոլդովայի նախագահն ու կառավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեն: Իգոր Դոդոնը 2016-ի տարեվերջին կայացած նախագահական ընտրություններում հաղթեց Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման կարգախոսի ներքո: Երկրի կոալիցիոն կառավարությունը, սակայն, ձևավորվել է աջ ազատական կուսակցություններից, որոնց օրակարգային գլխավոր հարցը Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն է: Նախագահ Դոդոնի հետ բավական լարված հարաբերություններ ունեցող վարչապետ Պավել Ֆիլիպը, այդուհանդերձ, պնդում է, որ ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Մոսկվայի հետ հարաբերությունների կանխամտածված վատթարացման նպատակ չի հետապնդել:

«Դիվանագետները մեր երկրի տարածքում անցանկալի անձ են ճանաչվել` հիմնվելով հատուկ ծառայությունների տրամադրած տեղեկատվության վրա: Պատճառները, որոնք մատնանշել են հատուկ ծառայությունները, ես այս պահին գաղտնազերծել չեմ կարող», - հայտարարում էր Մոլդովայի վարչապետը:

Արձագանքելով Մոլդովայի կառավարության այս որոշմանը` Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանը ստիպված է լինելու դիմել համարժեք քայլերի: Մոլդովայի ռուսամետ նախագահը, մինչդեռ, պաշտոնական Մոսկվային կոչ է անում կտրուկ քայլերի չդիմել:

«Հույզերին մի՛ տրվեք և Մոլդովայի կառավարության այս սադրիչ քայլերի հետևանքով հապճեպ որոշումներ մի՛ կայացրեք: Եթե դուք ներգաղթյալների մուտքը կամ մոլդովական արտադրանքի ներկրումը սահմանափակելու մասին որոշում կայացնեք, դա ծանր հարված կլինի ոչ թե իշխող Դեմոկրատական կուսակցության կամ դրա արտերկրյա համակարգողների, այլ Մոլդովայի հարյուր հազարավոր քաղաքացիների համար», - հայտարարում էր Մոլդովայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG