Սանկտ Պետերբուրգի մի խումբ քաղաքացիներ Եվրոպական դատարանում շահել են Ռուսաստանի դեմ գործը: Նրանք Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին դիմել իրենց ընտրական իրավունքները խախտելուն, ընտրակեղծիքներին, մասնավորապես, քվեարկության արդյունքների կեղծմանն առնչվող հայցերով:
Ստրասբուրգի դատարանը բավարարել է այդ հայցերը՝ Ռուսաստանի կառավարությանը պարտավորեցնելով 38 հազար եվրո վճարել հայցվորներին: Գործը վերաբերում է 2011 թվականի դեկտեմբերին կայացած՝ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին: Սանկտ Պետերբուրգում նույն օրը քվեարկել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հայցերի մի մասը վերաբերում է նաև այդ ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներին:
Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան էին դիմել Սանկտ Պետերբուրգի 11 բնակիչներ, այդ թվում՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունից առաջադրված թեկնածուներ, դիտորդներ, ընտրողներ: Իրենց հայցերում նրանք պնդել են, որ ընտրատեղամասերում տեղի են ունեցել խախտումներ, մասնավորապես, ձայների հաշվարկի ժամանակ փոխվել են քվեարկության արդյունքները, իսկ ընտրական հանձնաժողովներին ու դատախազությանն ուղղված իրենց բողոքներն անտեսվել են՝ վերահաշվարկ չի կատարվել: Հայցվորները պնդել են, որ խախտվել է ազատ ընտրելու և իրավական պաշտպանության իրավունքները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքում այսօր տեղադրվել է դատարանի որոշումը: Մանրամասնորեն շարադրված վճռում ներկայացված են նաև հայցվորների տրամադրած փաստաթղթերն ու ապացույցները: Մասնավորապես՝ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ի թեկնածու Անդրեյ Դավիդովը պնդել է, որ ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները չեն համապատասխանել քվեարկության իրական տվյալներին:
Նա ներկայացրել է վիճարկելի ընտրատեղամասերի արձանագրությունների պատճենները: Ըստ օրենքի, քվեների հաշվարկից հետո ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներն ու դիտորդներն իրավունք ունեն՝ ստանալ ամփոփիչ արձանագրության վավեր պատճենը: Որոշ արձանագրությունների թվերը համընկնում են պաշտոնական արդյունքներին, սակայն, դեպքերի գերակշիռ մասում դրանք միմյանց չեն համապատասխանում․ ավելացվել են իշխող «Եդիանայա Ռոսիա»-ի ձայները, մինչդեռ, ընդդիմությանը տրված քվեների թիվը նվազեցվել է: Դատարանը որպես օրինակ ներկայացրել է թիվ 639 տեղամասի տվյալները: Ըստ այդ տեղամասի արձանագրության, այնտեղ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն ստացել է 302 ձայն, իսկ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն՝ 218 ձայն: Սակայն, Սանկտ Պետերբուրգի քաղաքային ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ թիվ 639 տեղամասում հաղթել է «Եդինայա Ռոսիա»-ն՝ 460 ձայնով:
Մյուս հայցվորները նույնպես իրենց վկայությունների և ապացույցների շարքում ներկայացրել էին ընտրական տեղամասերի արձանագրությունների պատճեններ, ցույց տալով դրանցում եղած տվյալների անհամապատասխանությունն ավելի ուշ հրապարակված պաշտոնական թվերի հետ:
Սանկտ Պետերբուրգի դատարաններն անհիմն են համարել հայցվորների բողոքները, իսկ նրանց ներկայացրած փաստաթղթերը՝ ոչ արժանահավատ: Հայցվորներն, ի վերջո, դեմել են Եվրոպական դատարան, որտեղ էլ «Ընդդեմ Ռուսաստանի» այս գործով հաղթանակ են տարել:
2011 թվականի Պետդումայի ընտրություններից հետո ռուսաստանյան ընդդիմությունը բազմիցս հայտարարել է զանգվածային ընտրախախտումների մասին, այդ ընտրություններին հաջորդել էին բողոքի զանգվածային հանրահավաքներ և ցույցեր: Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2011 թվականին կայացած այդ ընտրություններում քվեների գրեթե 50 տոկոսով հաղթանակ է տարել իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: