Մատչելիության հղումներ

Գերմանիայում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով 17-ամյա սիրիացի է ձերբակալվել


Բեռլին, արխիվ
Բեռլին, արխիվ

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա սիրիացու, որին կասկածում են Բեռլինում պայթյուն նախապատրաստելու մեջ: Ըստ «Ռոյթերզ»-ի, պատանին պայթուցիկ սարքեր է պատրաստել: Նրա ձերբակալության մասին հայտարարել է Բրանդենբուրգ երկրամասի ներքին գործերի նախարար Հայնց Շրյոթերը:

«Ձերբակալության համար առիթ է ծառայել տեղեկությունն այն մասին, որ տվյալ անձը հրաժեշտի հաղորդագրություն է ուղարկել հարազատներին՝ նշելով ջիհադին միանալու մտադրության մասին»,- ասել է գերմանացի պաշտոնյան: Այն մասին, թե երբ և ինչպես է երիտասարդը ծրագրել իրականացնել հարձակումը, ոչինչ չի հաղորդվում:

Գերմանիայում վերջին մեկ տարում մի քանի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հուլիսին աֆղանստանցի ներգաղթյալը կացինով հարձակվել էր Վյուրցբուրգ մեկնող գնացքի ուղևորների վրա, հարձակման հետևանքով 4 մարդ ծանր վնասվածքներ էր ստացել: Դրանից շատ չանցած, 27-ամյա մի սիրիացի ինքն իրեն պայթեցրել էր բավարական Անսբախում, երաժշտական փառատոնի ժամանակ: Դրա հետևանքով 15 մարդ վնասվածքներ էր ստացել:

Ամենախոշոր հարձակումը տեղի ունեցավ անցյալ դեկտեմբերին, երբ ահաբեկչի կողմից ղեկավարվող բեռնատարը Բեռլինում մխրճվեց մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 11 և վիրավորելով 50 մարդու: Հարձակման հեղինակը 24-ամյա մի թունիսցի էր, որն այդ գործողությունից մի քանի օր անց Միլանում ոստիկանների հետ փոխհրաձգության արդյունքում սպանվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG