Ղրղըզստանի նախկին վարչապետ Իգոր Չուդինովը հայտնվել է քննիչների ուշադրության կենտրոնում՝ նրան կասկածում են կոռուպցիայի մեջ: Այս մասին հայտարարում է երկրի գլխավոր դատախազությունը:
Ղրղըզստանի իրավապահ մարմինները մասնավորապես հայտարարել են, որ Չուդինովն ու առևտրի և էկոնոմիկայի նախկին նախարար Աքըլբեկ Ժապարովը, ինչպես նաև մի շարք այլ անձինք կասկածվում են պետական գումար հանդիսացող 2․9 միլիոն դոլարը ոչ նպատակային ծախսելու մեջ:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ներկայումս իշխող կոալիցիայի մաս կազմող «Բիր Բոլ» կուսակցության պատգամավորներ են:
Չուդինովը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2007-2009 թվականներին՝ Կուրմանբեկ Բակիևի նախագահության օրոք, որը բողոքի ցույցերի արդյունքում գահընկեց արվեց և ապաստանեց Բելառուսում:
«Ազատության» ղրղըզական ծառայությունը տեղեկացնում է, որ երկրում հետաքննություն է սկսվել իշխող կուսակցության այլ պատգամավորների նկատմամբ:
Վերջին մի քանի ամիսներին իշխանությունները կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրել «Աթա-Մեկեն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Օմուրբեկ Տեկաբաևին և այլ ընդդիմադիրների: