Մատչելիության հղումներ

Դոնբասում իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել. Մակրոն


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսը Փարիզում, 29-ը մայիսի, 2017թ.
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ ասուլիսը Փարիզում, 29-ը մայիսի, 2017թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երկուսուկես ժամ տևած բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են է՛լ ավելի խստացվել։

Ի պատասխան, Պուտինը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն նպաստելու Ուկրաինայում իրավիճակի կայունացմանը, և կոչ է արել հանրությանը պայքարել տնտեսական սահմանափակումների դեմ։

Կրեմլի ղեկավարի այցը Ֆրանսիա մեկնարկել է այդ երկրի նորընտիր նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպմամբ, որի նախընտրական շտաբը ֆրանսիական նախագահական քարոզարշավի ժամանակ Կրեմլին մեղադրում էր ընտրություններին միջամտելու փորձերում։

Պուտինի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նորընտիր նախագահը կրկնեց՝ քարոզարշավի ընթացքում «Ռաշա Թուդեյ» և «Սպուտնիկ» ռուսաստանյան պետական գործակալություններն իր մասին ստահոդ լուրեր են տարածել։

«Դրանք լրատվամիջոցներ չեն, դրանք քարոզչական մեքենաներ են», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

Չնայած Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնություններին, Մակրոնը Պուտինին հրավիրել է Ֆրանսիա և շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը քննարկել հարցերի լայն շրջանակ՝ Սիրիայից մինչև Ուկրաինա։

Մասնավորապես Սիրիայի հարցում ֆրանսիացի առաջնորդն ասել է, թե Փարիզը կցանկանար Ռուսաստանի հետ համագործակցել կոալիցիայից դուրս։ Պուտինն էլ հավելել է, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի և Ֆրանսիայի մի շարք գնահատականներ համընկնում են։

Թեև Մոսկվան և Փարիզն այդ հակամարտության տարբեր կողմերի են աջակցում, այդուհանդերձ երկուսն էլ պնդում են, որ այդ երկրում իրենց համար առաջնահերթությունն ահաբեկչության դեմ պայքարն է։

«Հնարավոր չէ պայքարել ահաբեկչական վտանգի դեմ՝ քանդելով պետականությունն այնպիսի երկրներում, որտեղ առանց այդ էլ տառապում են ներքին խնդիրներից և հակասություններից», - ասել է Պուտինը։

Մակրոնն իր հերթին զգուշացրել է, որ Փարիզի համար սիրիական խնդրում «կարմիր գիծը» քիմիական զենքի կիրառումն է, որին կհաջորդեն պատասխան քայլեր։

Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպման առիթը ցուցահանդեսի բացումն է, որը նվիրված է ռուս կայսր Պետրոս Մեծի Ֆրանսիա կատարած առաջին այցի 300-ամյակին։

Երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը ստանձնած Մակրոնը Պուտինին ընդունել է Վերսալի պալատում, ինչը, ըստ ֆրանսիական մամուլի, բավական հազվադեպ երևույթ է։

Տեղական լրատվամիջոցները նկատում են, որ նախկին նախագահներից Ֆրանսուա Օլանդը ընդամենը երկու ընդունելություն է կազմակերպել թագավորական այդ պալատում, իսկ Նիկոլա Սարկոզին՝ միայն մեկ՝ 2007-ին հյուրընկալելով Լիբիայի բռնապետ Մուամար Քադաֆիին։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Պետրոս առաջինին նվիրված ցուցահանդեսը Մակրոնի համար Պուտինի հետ հանդիպելու ամենահարմար առիթն էր՝ առանց պաշտոնական ընդունելության և Ելիսեյան պալատի պատերից դուրս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG