Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Տիմոֆեյ Իվանյանը հերթական վարկի համար մարզկենտրոն էր գնացել։ Ասաց՝ բանկում չեն մերժել, կտան, բայց բանկի առաջարկները լսել է ու «մտքերի հետևից ընկած» տուն հասել։ «Բարձր տոկոսներով են տալիս: Էսօր բանկերի համբալն ենք էլի, բանկիրների»,- ասում է նա:
Հայաստանի հեռավոր հյուսիսում բնակվող 57-ամյա Արայիկ Սահակյանն էլ բանկերի հետ խնդիրներ ունի: Կարտոֆիլի ու հացահատիկի իր ցանքսերով հայտնի Գարգառում նա այլևս վարուցանք չի անում։ Լոռեցի գյուղատնտեսը հողը մշակելու փոխարեն, ամբողջ օրը բանկից բանկ է վազում, «տոկոսը տոկոսի վրա ավելացնում»։ «էս երկրի վիճակն ա։ Քնում ես՝ սաղ ուղեղդ էդ ա՝ էս փողը որտեղից ճարեմ, ում դուռը գնամ»:
Սահակյանն ավելի քան 2 հա սեփական վարելահող ունի։ Տարիներ շարունակ ցորեն է աճեցրել, այսօր արդեն միայն խոտ է հնձում այդ տարածքում։ Ասում է՝ մի քանի անգամ վարկ է վերցրել գյուղում ինչ-որ բան ձեռնարկելու և ստեղծելու համար։ Սակայն, վարկերի տոկոսներից բացի ուրիշ ոչինչ չի կուտակել։ Այժմ էլ որդին է մեկնել արտագնա աշխատանքի՝ իրենց վերցրած վարկերի բեռից ազատվելու համար։
«Եթե դու անասունը ծախում ես, հազիվ տանում ես վարկը փակում ես, էլի նորից վարկ ես վերցնում, որ անասուն պահես, ի՞նչ դուրս եկավ: Բանկի աշխատողը դարձանք մենք։ Դա քեզ էն եկամուտը չի տալիս, որ մի բան էլ մնա»,- ասում է Արայիկ Սահակյանը: Նա պետության կողմից սուբսիդավորված 8 տոկոսանոց վարկերից օգտվել է, բայց, իր խոսքով, «դա չի հերիքել»։ Խոտ հնձող տրակտոր գնելու համար ստիպված նաև բարձր տոկոսներով վարկ է վերցրել։ Ասում է՝ տարիներ շարունակ բանկերի հետ աշխատում է, «բայց դրանց կանոններից գլուխ չի հանում»։
Նրա հարևանը՝ 41-ամյա Արտակ Քալաշյանն անցած տարիներին տարեցտարի ավելացրել է իր վարելահողերը՝ հասցնելով 7 հեկտարի։ Ամբողջ օրն աշխատում է՝ անչափահաս երեխաների կյանքը բարելավելու համար։ Ասում է՝ պետական ծրագրերից հատկապես այս տարի լիարժեքորեն օգտվել է. «շուկայականից էժան» սերմացու, վառելիք ու պարարտանյութ է ձեռք բերել։ 700 հազար դրամի պետության կողմից սուբսիդավորված 8 տոկոսանոց վարկ է ստացել։ Բայց համոզված է՝ գյուղացուն ամենաանհրաժեշտ աջակցությունը միայն իրացման հարցում կարող է լինել:
«Թող վարկեր չտան, իրացման հարցում օգնեն»,- ասում է նա և հավելում․ «Գնալով անկում եմ ապրում։ 10 տարի առաջ ավելի լավ էի ապրում, քան էսօր։ Երեխեքս մեծ լինեին, կգնայի Ռուսաստան»։