Մատչելիության հղումներ

Գյումրիում փողոցները «ռազմի դաշտ են հիշեցնում»


Գյումրեցիները կատակում են, թե քաղաքի փողոցները ռազմի դաշտ են հիշեցնում:

«Մի փոսից փախնում, մյուս փոսն ենք ընկնում՝ շարքից հանելով մեքենան», - դժգոհում են վարորդները: - «Շումախերի հմտությունը պիտի ունենաս, որ էս փոսերից լրիվ փախցնես»:

Գյումրիի կենտրոնական հատվածում 22 կմ ճանապարհի հիմնանորոգման համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տրամադրելիք 23 մլն եվրոյի մասին գյումրեցիները լսել են, սակայն քաղաքում դեռ ոչինչ չի փոխվել:

1.5 տարի առաջ՝ սահմանադրական հանրաքվեից 2 օր առաջ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրի մասին՝ իր մոտ հրավիրելով քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ուշագրավ է, որ նախագահն այն ժամանակ խոստացել էր ընդամենը մի քանի օրից սկսել գործընթացը:

Գյումրեցիները նախընտրական չիրականացված խոստումների ցանկ են կազմել ու ամեն տարի սպասում են, թե ի վերջո երբ են իրենց աչքով տեսնելու բուն շինարարական աշխատանքները:

Հարցին, թե ի՞նչ եղան գումարները, ո՞ր փուլ է հասել ծրագիրը, մեկ տարի առաջ Լոնդոնում ՎԶԵԲ-ի հետ պայմանագիր կնքած քաղաքապետ Սամվել Բալասանյանն արձագանքեց․ - «Արդեն խորհրդատուների մասը ոնց որ թե համաձայնեց, բանկը ուղարկեց: Շատ երկար է տևում էդ պրոցեսները․․․ Մենք արագացնում ենք, ինչքան հնարավոր է: Նույն ծրագիրը Երևանում եղել է երկու տարում: Եթե խորհրդատուների հետ մենք շատ արագ բանակցենք, իրենք շինարարի մրցույթը հայտարարեն, մենք կփորձենք գոնե Կոմիտաս փողոցը շինարարական աշխատանքները գոնե սկսենք»:

Գյումրիի ավագանու ընդդիմադիր անդամ Լևոն Բարսեղյանը Սերժ Սարգսյանի հայտարարությունից մեկուկես տարի անց էլ կրկին պնդում է, որ դա սահմանադրական հանրաքվեից առաջ ընտրակաշառքի խոստում էր գյումրեցիներին․ - «Չաշխատեց․ Գյումրիուն հանրաքվեն պարտություն կրեց: Դեկտեմբերի 4-ին, 5-ին, Բալասանյանին իր մոտ հրավիրեց․ բա էս ենք անում, հենց էգուց կստորագրեն, չգիտեմ ինչ․․․ բա ո՞ւր ա էդ փողերը: Ոչ մեկը տեղյակ չէ: Էդ հարցերի պատասխանը պիտի տա նախ և առաջ քաղաքապետը»:

Բարսեղյանի կարծիքով, եթե քաղաքային իշխունությունը կաշկանդված չլիներ, ապա արդեն բավականին աշխատանք իրականացրած կլիներ․ - «Ցանկության դեպքում հիմա արդեն կարելի կլիներ տեսնել ընտրված խորհրդատուի, արդեն ընտրված նախագծող կազմակերպության, հայտարարված պիտի լինեին շինարար կազմակերպության մրցույթները․․․ Դա տիեզերակայան կառուցել չի․․․ հասարակ շինարարություն է: Երևելի գումար էլ չի՝ 23 միլիոն եվրոյի գործ է»:

Այնուհանդերձ Բարսեղյանը ծրագիր համար ռիսկեր տեսնում է․ - «Գլխավոր ռիսկը Երևանի հրամաններով էդ փողերը ծախսելու մեջ է: Արանքները զանազան մեխանիզմներով փայ մտնելու մեջ է ռիսկը, այսինքն՝ ենթակա կազմակերպություններին խցկեն այդտեղ որպես կապալառու: Իհարկե, ռիսկեր կան շինարարության որակի ակնկալիքի մասով: Էդ ամբողջի բացառման համար հանրային վերահսկողություն է պետք»:

Ի դեպ, ավագանու ընդդիմադիր անդամը ուսումնասիրել է փողոցների բարեկարգման համար տրամադրվող գումարի չափը Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում․ - «Պարզվեց, որ շնչին ընկնող փողոցային վերանորոգման կամ ասֆալտապատման ծախսերը Երևանում 3.5-8 անգամ ավելի էր, քան Գյումրիում կամ Վանաձորում տարբեր տարիներ: Այսինքն սա խայտառակ խտրականություն է․ մայրաքաղաքին անհամեմատի մեծ ուշադրություն է դարձվում, քան մյուս երկու քաղաքներին: Իսկ էն մյուս քաղաքների մասին էլ չեմ խոսում»:

Գյումրիի 180 կմ երկարությամբ փողոցների հիմամնորգման համար տարբեր հաշվարկնեով մոտ 100 միլիոն դոլար է անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG