Մատչելիության հղումներ

Կալանավորվել են Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենը


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) տնօրեն Ա. Է.-ն:

«Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնյաների հետ, վերջիններիս անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են տվել իրենց օգտին գործողություններ կատարելու` ապրանքները ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու և դրանց արտահանման համար օրենսդրությամբ սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար», - հաղորդում է ՀՔԾ-ն՝ շարունակելով․ - «Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն կաշառքի դիմաց, ապօրինի` առանց օրինական փաստաթղթերի, խախտելով մաքսային օրենսդրության պահանջները, թույլատրել է ապրանքի արտահանումը: Բացի այդ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք է բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ»:

Հատուկ քննչական ծառայության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՔԾ քննիչի կողմից Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ տնօրենը մայիսի 25-ին ձերբակալվել են:

Կաշառք ստանալու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Իսկ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ե. Մ.-ն և Ա. Է.-ն կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG