Մատչելիության հղումներ

Վանաձորում վերացնում են չնախատեսված վայրերում առաջացած աղբավայրերը


Վանաձորում չնախատեսված վայրերում առաջացած 64 աղբավայրերը կվերացվեն կառավարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում։ Այդ աղբավայրերի գերակշիռ մասը քաղաքի արևելյան հատվածով հոսող Տանձուտ գետի ափի տարբեր հատվածներում է, մի մասն էլ՝ բնակելի շենքերի մոտակայքում։

«Ազատության» հետ զրույցներում վանաձորցիները իրենք իրենց էին մեղադրում միջավայրի աղտոտման համար։

«Ես զարմանում եմ, մարդը եթե գիտակից է, նա դպրոցական չի, նա փոքրիկ չի մանկապարտեզի, որ կանգնես ասես՝ չի կարելի․․․ Ախր, չի կարելին ո՞րն ա, չի կարելին մենակ փոքրիկ երեխուն կարելի ա ասել և բացատրել, որ ինչու չի կարելի», - ասաց մի կին:

«Իմ երեխան պետք է ման գա էստեղ, իմ թոռնիկը, իմ ընտանիքը, մենք եթե մեզ թույլ ենք տալիս, որ կեղտի միջով անցնենք, կեղտոտենք, ես մեղադրում եմ մեր քաղաքացիներին», - ասաց մի տղամարդ:

Բազմահարկ շենքի մի բնակչուհի էլ դժգոհում էր, թե քաղաքապետարանը վերանորոգելու փոխարեն փակել է աղբատարը: Աղբը ստիպված թափում են մոտակա աղբարկղի մեջ, որը գտնվում է քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Արցախ պուրակում․ - «Էն ժամանակ մարդիկ որ էս շենքը կառուցել են, հասկացել են, որ բնակիչներին պետք ա աղբատար խողովակը, քաղաքապետարանը փակեց՝ ինչի՞ համար, որ ժողովուրդը տանի սենց մեր կենտրոնական փողոցով Արցախ պուրա՞կ․ նա այգի ա, ոչ թե խոզանոց ա, մարդիկ էնտեղ հանգստանում են, բայց չէ՞ որ աղբի հոտն են շնչում: Ոնց որ մեր տներն ենք մաքրում, նույնը պարտավորվում ենք մեր տարածքը մաքրել, մեր փողոցը՝ դա էլ ա մերը»:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պնդմամբ՝ միայն բազմահարկ շենքերի աղբահանությունն է լուրջ խնդիր․ աղբի համար նախատեսված կեսդարյա խողովակներն այլևս չեն ծառայում նպատակին, արդյունքում հակահիգիենիկ վիճակ է ստեղծվում, իսկ աղբատարի վերանորոգումը մեծ ծախսերի հետ է կապված:

«Կա՛մ պիտի նորոգվի ամբողջությամբ էդ աղբատարը, որը որ շատ ավելի մեծ կապիտալ շինարարական խնդիր է, կա՛մ աղբը նորմալ պիտի հեռացվի, որը մենք կարողանում ենք կազմակերպել», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետը:

Թեև վանաձորցիները ամոթալի երևույթ են համարում միջավայրի աղտոտման համար տուգանքը, բայց այլ ելք չեն տեսնում․

«Անհարմար եմ զգում, որ մարդկանց պետք է տուգանելով հասկացնեն, որ դա ․․․ Դրա համար տեղ կա, լցնելու համար տեղ կա, չի կարելի էդտեղ լցնել»:

«Էդ էլ ա ամոթ՝ հատկապես էս աղքատ ժողովրդին, բայց ուրիշ ի՞նչ ձևով կարելի ա, ես արդեն չեմ հասկանում»:

«Ամոթ է, որ հասուն մարդուն դիտողություն անես, որ աղբ ես թափում փողոցում»:

Այլ ելք չի տեսնում նաև քաղաքի ղեկավարը: «Ազատության» հետ զրույցում քաղաքապետ Ասլանյանն ասաց, թե ստիպված են վարչական սանկցիաներ կիրառել այն քաղաքացիների դեմ, ովքեր կաղտոտեն միջավայրը:

«Ուրիշ տարբերակ էս պահին չենք գտնում, որովհետև դրանք պարբերական բնույթ են կրում՝ մանավանդ գետերի ափամերձ շրջաններում, էդ զառիթափերի վրա: Նույնիսկ էսօր մենք տեղեր հանդիպեցինք, որտեղ տեխնիկայի մուտք հնարավոր չի ապահովել․ դրանք կոնսերվացնելու ենք՝ հողով պիտի ծածկվի, բայց պիտի նաև հետևողական աշխատանք բնակչության հետ տարվի, որպեսզի էդ վայրերում այլևս աղբ չթափվի», - նշեց Ասլանյանը:

Վանաձորի քաղաքապետարանը, տարիների ընթացքում չնախատեսված վայրերում կուտակված աղբը մաքրելուց հետո, այսօր զգուշացնող ցուցանակներ է տեղադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Տարածքն աղտոտողները կտուգանվեն 30 հազար դրամով»:

Նշենք, որ «Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակում» այսօր համապետական շաբաթօրյակ է անցկացվում։

Կառավարությունը չնախատեսված վայրերում աղբի կուտակումը վերացնելու համար ծրագրում է համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը, որը քաղաքացիներին տուգանելու իրավասություն կունենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG