Մատչելիության հղումներ

Լիբանանցի անվանի քանդակագործի «Երեք փիղ» կոմպոզիցիան՝ Երևանի Սիրահարների այգում


Երևանի ամենասիրված հանգստավայրերից մեկում՝ Սիրահարների այգում կամ Պողոսյան պարտեզներում, նոր քանդակաշար տեղադրվեց: Պողոսյան հիմնադրամի ղեկավարներից Ժան Պողոսյանի նախաձեռնությամբ և միջոցներով ձեռք է բերվել լիբանանացի ժամանակակից անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» եռամաս քանդակային կոմպոզիցիան, որը հատուկ ստեղծվել է Պողոսյան հիմնադրամի պատվերով և տեղադրվեց Սիրահարների այգում:

«Պողոսյան պարտեզներ» ծրագրի համակարգող Արմինե Բաչեջյանի խոսքով՝ լիբանանցի այս քանդակագործի աշխատանքները տեղ են գտել աշխարհի շատ երկրներում․ - «Միջին Արևելք, Մերձավոր Արևելք, Հեռավոր Արևելք, Եվրոպա և վերջապես Հայաստան: Տարբեր չափեր, բարձրություն ունեցող քանդակները յուրօրինակ ներդաշնակությամբ միահյուսվում են Սիրահարների այգու բնական միջավայրին: Քանդակների մեկ այլ՝ չժանգոտվող պողպատե տարբերակը ժամանակին ցուցադրվել է Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում, ինչպես նաև Դուբայում»:

«Իսկ արվեստագետը բազմագիտակարգային արվեստագետ է՝ քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ, ծնվել է 57 թվականին, հավատացած է, որ քանդակները կենդանի օրգանիզմներ են, և որ արվեստը մշակութային կատալիզատորների միջոցով քաղաքային միջավայրին, միջավայրերին էներգիա ներարկելով՝ կարող է վերհանել տարբեր երազանքներ, արթնացնել հանրության հիշողությունները», - շարունակեց Բաչեջյանը:

Մինչ կոմպոզիցիայի բացման հանդիսավոր արարողությունը «Ազատության» հետ զրույցի ընթացքում քանդակագործը շեշտում էր, որ իր այս ստեղծագործության տեղադրման առիթով է եկել Հայաստան, մինչ այդ երբեք չէր եղել, «թեև Լիբանանում շատ լավ հայկական համայնք ունենք», - ասում էր: «Մեծ համայնք է, շատ կարևոր մարդիկ են, մենք շատ հպարտ ենք հայկական համայնքով, որի ներկայացուցիչները նաև կառավարությունում են և այլ պետական կարևորագույն հաստատություններում», - նշեց արվեստագետը:

Ինչ վերաբերում է «Երեք փիղ» կոմպոզիցիային, ապա լիբանանցի քանդակագործի խոսքով՝ ինքը վաղուց էր աշխատում այս ստեղծագործության վրա, և երբ իրեն առաջարկել են այն Երևանի Սիրահարների այգում տեղադրել, ծանոթանալով տեղանքին՝ անմիջապես համաձայնություն է տվել:

Նրա խոսքով՝ փղերը խորհրդանշում են հիշողությունը: Փղերը նաև խորհրդանշում են ընտանիքը, ասում էր լիբանանցի քանդակագործն ու շարունակում․ - «Հենց դրա համար էլ այս Սիրահարների այգում, որտեղից կարող են նոր ընտանիքներ ծնունդ առնել, տեղադրեցինք երեք փղերից՝ մեծ, միջին և փոքր փղերից բաղկացած և ընտանիք խորհրդանշող այս կոմպոզիցիան»:

Նադիմ Քարամը համոզված է, որ հայերը շատ լավ գիտեն հիշողության արժեքը և կըմբռնեն ավանգարդիստական ոճով ստեղծված այս կոմպոզիցիան: Քանդակները Սիրահարների այգում իրարից մի փոքր հեռու են տեղադրված՝ փոքրիկ բլրակների վրա: Քանդակագործն ասում էր, որ ի սկզբանե փղերը միասին է տեղադրել, բայց այստեղ հենց այդպես է ճիշտ՝ առանձին, որովհետև սա Սիրահարների այգի է, և այստեղ դեռ պիտի մարդիկ գտնեն միմյանց․ նրանք այստեղ դեռ պիտի պահմտոցի խաղան, հետո գտնեն իրար, սիրեն, ամուսնանան և զավակներ ունենան:

Դե իսկ Ժակ Պողոսյանն էլ «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ իրենց հիմնադրամը անում է ամեն ինչ Սիրահարների այգին առավել գեղեցկացնելու և հարմարավետ դարձնելու համար: «Ամեն անգամ առավել մեծ գեղագիտական հաճույք ենք ուզում պարգևել այցելուներին», - ասաց Պողոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ լիբանանցի անվանի քանդակագործի այս կոմպոզիցան կհետաքրքրի և կհուզի շատերին:

Ի դեպ, այս տարի մայիսի 14-ին բացված Վենետիկի հանրահայտ Բիենալեի հայկական տաղավարում երկու հայ այլ արվեստագետների աշխատանքների հետ ներկայացված է նաև Ժան Պողոսյանի ստեղծագործություններից մեկը: Նա նոր է վերադարձել Վենետիկից և ի պատասխան «Ազատության» հարցի ասում էր, թե շատ երջանիկ է, որ այս անգամ Բիենալեին հայկական տաղավարում ներկայացվել է նաև իր աշխատանքը, մեծ պատիվ է իր համար, ասում էր և հույս հայտնում, որ իրենց՝ տաղավարում ներկայացված արվեստագետներին կհաջողվի բարձր պահել Հայաստանի անունը ժամանակակից արվեստի աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG