Մատչելիության հղումներ

«Ավրորա» մրցանակի 5 հավակնորդներից 4-ը այսօր ներկայացան հայաստանյան հանրությանը


«Ավրորա»-2017 մրցանակի հավակնորդները

«Հայաստանի շնորհիվ այսօր Աֆրիկայի փախստականների ճամբարներից մեկում հազարավոր մարդիկ երջանիկ են»,- այսօր Երևանում հայտարարեց «Ավրորա» մարդասիրական մրցանակի նախորդ տարվա դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ով Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար որբերի է փրկել: Նրան տրամադրված 1 միլիոն դոլարն արդեն ուղղվել է 4 երկրների երեխաների աջակցությանը:

«Դուք ցույց տվեցիք, որ չնայած ձեր տառապանքներին՝ դուք այժմ միայն հայ ժողովրդի մասին չեք մտածում: Դուք հոգ եք տանում նաև Բրազիլիայի, Եթովպիայի, Կոնգոյի երեխաների մասին: Շնորհակալություն, հայ ժողովուրդ, որովհետև հիմա նույնիսկ երիտասարդները կարդում են Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Մարգարիտ Բարանկիցեն:

Ամերիկյան համալսարանում այսօր մեծ թվով ուսանողներ հնարավորություն ունեցան հանդիպելու «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հինգ հավակնորդներից չորսին: Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը՝ Թոմ Քաթինան, դիմելով ներկաներին, կոչ արեց զոհել անձնական հարմարավետությունը՝ հանուն ուրիշներին օգնելու:

«Մարդկանց օգնելու բավարարության զգացումն արժե շատ ավելին, քան փողը, մեքենան, նոր հագուստները: Եթե տեսել եք՝ վերջին 3 օրերին ես նույն հագուստն եմ կրում: Դուք երբեք չեք զղջալու, չեք լինելու հարուստ, բայց դուք շատ ավելին եք ստանալու՝ մեկ ուրիշին օգնելու ուրախությունը»,- ասաց Թոմ Քաթինան:

«Ավրորա»-ի մրցանակի հինգ հավակնորդներից հաջորդը 26 տարի քաղաքացիական պատերազմի պայմաններում գտնվող Սոմալիից է: Ֆարթուն Ադանն իր դստեր հետ օգնում է սեռական բռնության ենթարկված կանանց, ինչպես նաև մանկահասակ զինվորներին: Ադանը կոչ արեց «թեկուզ Հայաստանից» բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: «Դուք ապահով տեղում եք, դուք կարող եք բարձրաձայնել Սոմալիում տեղի ունեցողի մասին: Այնտեղ մենք չենք կարող, դա շատ վտանգավոր է մեզ համար: Բայց մեկը, ով Հայաստանում է, կարող է խոսել այդ մասին ու դա օգնություն է»,- հայտարարեց Ֆարթուն Ադանը:

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների տրվող մեկ միլիոն դոլար մրցանակին այս տարի հավակնում են նաև Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը և Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված կանանց օգնություն ցուցաբերող բժիշկ Դենիս Մուկվեգեն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանն այսօր Ամերիկյան համալսարանում կազմակերպված միջոցառմանը հայտարարեց, որ «Ավրորա»-ն Սոմալիից մինչև Աֆղանստան կյանքեր փրկող հերոսների օրինակով ցանկանում է ցույց տալ մարդասիրության կարևորությունը:

«Մենք տեսել ենք Ցեղասպանություն, տեսել ենք Հոլոքոստ, ահա, թե ինչու ենք մենք այս կանանց ու տղամարդկանց հերոսացնում՝ այդ ճանապարհով դառնալով բարոյական էակներ»,- ասաց Վարդան Գրեգորյանը: «Ավրորա» մարդասիրական մրցանակը կհանձնվի առաջիկա կիրակի՝ մայիսի 28-ին:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է՝ արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու հարցում։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG