Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ խորհրդի ձևավորման 25-ամյակին նվիրված նիստին: ՊՆ հաղորդմամբ, քննարկվել են «բազմակողմ ռազմական համագործակցության հետագա կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր»:
Նիստի արդյունքներով՝ որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև «նախանշվել են ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 2017թ. համատեղ միջոցառումների իրականացման ընթացակարգերը»:
Նախօրեին Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անունից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀԱՊԿ կազմավորման 15-րդ տարեդարձին: