Ալավերդու Ակներ գյուղական թաղամասի դպրոցում մեկ շրջանավարտի՝ Լուսինե Շավինյանի համար վերջին զանգը վաղը կհնչի։ Ընդամենը մեկ աշակերտով դասարանի դասղեկ Մարիամ Մարտիրոսյանը գյուղի ակումբում փոքրիկ միջոցառում է կազմակերպել։ Այսօր փորձ էին անում։ «9-10-րդ դասարանցիները կշնորհավորեն իրենց սիրելի շրջանավարտի վերջին զանգը»,- ասաց դասղեկը։
Նախորդ տարի Ակների միջնակարգ դպրոցը 4 շրջանավարտ է ունեցել։ Լուսինեն նույնպես համադասարանցիներ ուներ, «առաջին դասարանում 5 հոգի էինք»: Ավարտական տարում, սակայն, միայնակ է մնացել։ Ասում է՝ դեռ չի որոշել, ինչ մասնագիտություն է ընտրելու, հավելում է՝ գյուղում իրեն լավ է զգում․ «Ես ուրիշ տեղ ինձ լավ չեմ զգա, ինչպես մեր գյուղում»:
Ակներում ապրած ու մեծացած աղջկան գյուղի անբարեկարգ ճանապարհները շատ են տխրեցնում։ Տարիներ շարունակ ինչպես Ալավերդու քաղաքային հատվածից Ակներ տանող 7 կիլոմետրանոց հատվածը, այնպես էլ գյուղամիջյան ճանապարհները չեն վերանորոգվել։
Ակների քանդված ճանապարհներին ոչ այսօր, ոչ էլ վաղը, փուչիկներով զարդարված ավտոմեքենաներ չեն հայտնվի, միայն մեկ շրջանավարտի համար շքեղ տոնախմբություններ չեն արվի: Փոքր դպրոցի աշակերտները նույնքան փոքր սպասելիքներ ունեն՝ «Մենք չենք համեմատվի մեծ դպրոցների հետ»:
Լոռու մարզի համեմատաբար մեծ Գարգառ գյուղի միջնակարգ դպրոցի 20 շրջանավարտներն այսօր են հրաժեշտ տվել դպրոցին։ Փոխտնօրեն Ճշմարիտյանն այս տարի վերջին անգամ ամփոփեց դպրոցականների թիվն ու ասաց՝ հատկապես վերջին տարիներին այդ թիվն առնվազն 30 տոկոսով նվազել է՝ «հիմնականում ընտանիքների գնալու հետևանքով»։
«Վերջին տարիներին գնացողների թիվը ոնց որ ավելի է շատացել։ Էս տարի մենք ունենք 20 շրջանավարտ։ Նախկինում մենք 25-30, նույնիսկ ավելի շատ ենք ունեցել»,- ասում է փոխտնօրենը։
Գարգառի վերանորոգված դպրոցում այսօր մոտ 200 աշակերտ ավարտեց ուսումնական տարին։ Փոխտնօրենն ափսոսանքով նշում է, որ լավ կրթության ավանդույթներ ունեցող դպրոցում փորձում են պահպանել ունեցածը։ «Գյուղը դեռ մաքուր է, պարզ է։ Մենք չունենք, այսպես ասած, վտանգավոր երեխաներ»։
Գարգառի երեխաները վստահեցնում են, թե իրենց գյուղից չեն հեռանալու՝ «Մենք մեր գյուղը շատ ենք սիրում, մեր գյուղի օդը լավն ա»։ Սեփական արտադրության մսով ու կաթնամթերքով մեծացող այս մանուկների պատկերացումներում, սակայն, գյուղատնտես դառնալու հեռանկարը տեղ չունի։