Երեկ երեկոյան կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությունը՝ վկայակոչելով Մոլդովայի Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի հաղորդումը: Մոլդովայի մայրաքաղաքի ղեկավարը մեղադրվում է նաև ծառայողական դիրքի չարաշահման մեջ, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Ձերբակալությունից առաջ մի քանի ժամ շարունակ քաղաքապետի աշխատասենյակում խուզարկություններ են տեղի ունեցել, որն ուղեկցվել է քաղաքապետարանի շենքի մոտ 2007-ից պաշտոնավարող Կիրտոակեի ընդդիմախոսների և աջակիցների վանկարկումներով: Առաջինները բղավել են՝ «դեպի բանտ», մյուսները՝ «ազատություն քաղաքապետին»:
Ավելի վաղ ձերբակալվել էին նաև նրա երկու տեղակալները, քաղաքային տրանսպորտի վարչության ղեկավարը, երկրի տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարը: Բոլորն էլ՝ եվրոպամետ Լիբերալ կուսակցության անդամներ: