Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունը վստահ չէ, որ նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինն անկախ է գործելու


«Ոչ կոռուպցիային» խորագրով ֆլեշ-մոբ Երևանում, արխիվ

Հինգշաբթի օրը կառավարությունում քննարկված «Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն արտահայտում է բացառապես կառավարության տեսակետները:

Այս կարծիքին է «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան»։ Նախագծի մշակմանը կոալիցիան թեև մասնակցել է, սակայն, պնդում է, որ ներկայացված տարբերակում իրենց առաջարկները չեն ներառվել։ Հակակոռուպցիոն կոալիցիայի մաս կազմող «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանն ասում է, որ փաստաթղթի վերջնական նախագիծը ձևավորվել է նախագահի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, և դրա քննարկումներին քաղհասարակությունը չի մասնակցել։

ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որը վերը նշված օրենքի նախագծի համահեղինակն է, հակադարձում է․ «Հասարակության կարծիքը լսել ենք, այդ կարծիքին տեղյակ ենք, իրենք էլ քննարկմանը մասնակցել են: Որ փուլում մասնակցել են, այդ փուլից ի վեր, միայն նախագծի տեխնիկական մշակման աշխատանքներ են իրականացվել»:

Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը ստեղծվելու է Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա, 2018-ից հետո դրան տրվելու է ինքնավար մարմնի կարգավիճակ։ Նախագիծը նախատեսում է ունեցվածքի հայտարարագրում նաև քննիչների, դատախազների ու պետական գնումների ոլորտում ներգրավված մարդկանց կողմից։

Թեև կոռուպցիայի դեմ պայքարելուն կոչված այս մարմնին լայն լիազորություններ տալուն ՀԿ-ները կողմ են, սակայն, կասկածի տակ են դնում դրա կազմավորման անկախության երաշխիքները։ Հանձնաժողովի կազմը խորհրդարանն է ընտրելու։ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով, հանձնաժողովի անկախությունը երաշխավորելու համար այն ձևավորելիս պետք է բացառել որևէ պետական մարմնի հնարավոր ազդեցությունը:

Դեռևս 2015 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը գլխավորում էր հենց վարչապետը: Իրավապաշտպանների դիտարկմամբ, այդ խորհուրդը, ինչպես և նախկինում ստեղծված համանման կառույցները, նպատակային չի գործել և ավելի շատ ունեցել է ցուցադրական նշանակություն: Իբրև այդ փաստարկների ապացույց, մատնանշվում էր կոռուպցիոն փաստերի վերաբերյալ մամուլի հաղորդումներին խորհրդի ոչ համարժեք արձագանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG