Մատչելիության հղումներ

Թրամփի փեսան հայտնվել է ՀԴԲ-ի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի հետ կապերի գործով


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտնվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրության կենտրոնում՝ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի գործով: Այս մասին հայտնում են մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ:

Քուշները քննության ուշադրության կենտրոնում է հայտնվել անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի և ռուսաստանյան պետական «Վնեշէկոնոմբանկի» ղեկավար Սերգեյ Գորկովի հետ հանդիպումների պատճառով: Գորկովի անունը ներառված է ամերիկյան պատժամիջոցների ցանկում, որը սահմանվել է 2014 թվականին Ղրիմի բռնակցման պատճառով:

Washington Post-ը և NBC News-ը, վկայակոչելով բարձրաստիճան անանուն աղբյուրը, նշում են, որ Թրամփի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Քուշների նկատմամբ քննիչների հետաքրքրությունը չի նշանակում, որ նրան կասկածում են հանցագործության մեջ կամ պատրաստվում են ինչ-որ բանում մեղադրել նրան:

Քուշների փաստաբան Ջեմի Գորելիկը հայտնել է, որ Ջարեդ Քուշները համագործակցելու է քննիչների հետ:

«Պարոն Քուշները ավելի վաղ հայտարարել է իր պատրաստակամության մասին կիսվելու Կոնգրեսի հետ այն ամենով, ինչ իրեն հայտնի է այդ հանդիպումներից: Նա նույնը կանի, եթե պահանջվի ցանկացած այլ հետաքննության հետ կապված», - ասել է Գորելիկը:

Ամերիկյան մի շարք կառույցներ՝ կոնգրեսական հանձնաժողովներ, Արդարադատության նախարարության կողմից նշանակված հատուկ խորհուրդը, քննում են 2016 թվականին ամերիկյան նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտությունը, Թրամփի շրջապատի և Ռուսաստանի միջև կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG