Մատչելիության հղումներ

Թբիլիսիում մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը


Վրաստանի կառավարության նիստը, 25-ը մայիսի, 2017թ․
Վրաստանի կառավարության նիստը, 25-ը մայիսի, 2017թ․

Թբիլիսիում մայիսի 26-ից 29-ը անցկացվելու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Կառավարության երեկվա նիստում ասել է, թե շատ կարևոր է, որ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրում նման բարձր մակարդակի համաժողով է անցկացվում։ Նա հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովում ընդունվելու է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը պաշտպանող հռչակագիր։

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավար, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի պատվիրակության ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին նախօրեին կայացած ճեպազրույցում ասել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում հիմնականում քննարկվելու են անվտանգության և պաշտպանության խնդիրներ, ուշադրության կենտրոնում են լինելու ժողովրդավարության զարգացման, միջազգային համագործակցության, ահաբեկչության և անջատականության դեմ համատեղ պայքարի հարցերը։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաև դաշինքին չանդամակցող շուրջ երկու տասնյակ երկրներից մոտ 600 ներկայացուցիչներ են մասնակցելու թբիլիսյան հանդիպմանը։

Վրաստանի կառավարությունում Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն ասել է, որ Վրաստանի դերը միայն կազմակերպչական չէ։ Նրա խոսքերով, Վեհաժողովի անցկացումը Վրաստանում քաղաքական մեծ նշանակություն ունի։ Դոլիձեն ասել է, որ Վեհաժողովում հայտարարություն է ընդունվելու, որտեղ պաշտպանվելու է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բարեփոխումների անցկացումը, նաև հատուկ ուղերձ կլինի Ռուսաստանին և Հյուսիսատլանտյան դաշինքին, որ ՆԱՏՕ-ի ընդարձակումը չպետք է կանգ առնի Վրաստանի սահմանին, Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր։

Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում մեկնարկում է Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG