Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մասնակցում է ԱՊՀ և ԵԱՏՄ հավաքներին


Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ-եկրների դրոշները, արխիվ, Երևան, 20 մայիսի, 2016թ.

Այսօր Ռուսաստանում՝ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում, գումարվում է ԱՊՀ և ԵԱՏՄ վարչապետների հավաքը:

Հայաստանի կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը մասնակցում է այդ գագաթնաժողովներին:

ԱՊՀ վարչապետները քննարկելու են համագործության 13 փաստաթղթերի նախագծեր: Ենթադրվում է, որ կստորագրվեն խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման պայմանագիր և համաձայնություններ՝ կեղծված արտադրանքի տարածման դեմ պայքարելու և մտավոր սեփականությունը պաշտպանելու վերաբերյալ:

ԱՊՀ վարչապետների նախորդ հավաքը տեղի է ունեցել այնցյալ տարվա հոկտեմբերի 28-ին՝ Մինսկում, որտեղ քննարկվել է ԱՊՀ տարածքում ազատ տնտեսական գոտու գործունեության հարցը:

Պատվիրակությունները կանդրադառնան առաջնահերթ միջոցներին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել 2017-19 թվականների ընթացքում ԱՊՀ տարածքում բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար: Օրակարգում նաև ԱՊՀ տնտեսական դատարանի աշխատանքին և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող հարցեր են:

ԱՊՀ վարչապետների նիստը վարելու է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Այսօր նախատեսված է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ներկայացուցիչները:

Օրակարգում առանցքային խնդիրներից է արտաքին առևտրի կարգավորման «մեկ պատուհանի» հայեցակարգը: Կքննարկվի ԵԱՏՄ երկրների գիտահետազոտական համատեղ աշխատանքի հեռանկարը:

Այս տարի ԵԱՏՄ տնտեսական միջկառավարական հանձնաժողովում նախագահում է Ղրղըզստանը: Նիստին վարչապետներից բացի մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG