Մատչելիության հղումներ

«Մանչեսթր Յունայթեդը» վաստակեց Եվրոպայի լիգայի գավաթը


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդի» և Ամստերդամի «Այաքսի» հանդիպումնից հետո, Ստոկհոլմ, 24-մայիսի, 2017 թ․

Հայոց ֆուտբոլի աստղը դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ:

Երեկ ուշ երեկոյան Հին մայրցամաքի ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմն էր, որտեղ «Մանչեսթր Յունայթեդը» և Ամստերդամի «Այաքսը» պայքար էին մղում ՈւԵՖԱ-ի երկրորդ թանկարժեք մրցանակի՝ Եվրոպայի լիգայի գավաթի համար:

Հանդիպումը մեկնարկեց լռության րոպեով, որով մանկունիացիները և հոլանդական թիմի մարզիկներն ու մոտ 50 հազար երկրպագուներ հարգանքի տուրք մատուցեցին Մանչեսթրում շաբաթասկզբին տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության 22 անմեղ զոհերի հիշատակին:

Իսկ հետո սկսվեց բուն խաղը, լարված, երբեմն կոշտ, բայց ընդհանուր առմամբ՝ առանց միտումնավոր կոպիտ խախտումներիի: Հասկանալի էր, որ մանկունիանցիներն իրենց քաղաքի ողբերգության հետևանքով կլինեն հոգեբանական ծանր ճնշման տակ, այն կարող էր և թևաթափ անել ֆուտբոլիստներին և ընդհակառակը՝ դրդել նրանց՝ խաղալ ուժերի գերլարումով: Հանդիպման 18-րդ րոպեին Պոլ Պոգբայի հարվածից հետո գնդակը դիպավ հոլանդացիներից մեկին, շեղեց ընթացքն ու հայտնվեց «Այաքսի» դարպասում՝ 1-0:

«Մանչեսթր Յունայթեդի» խաղն այնուհետև դարձել էր ավելի զգուշավոր, թվում էր, թե թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ կարգադրել է ցանկացած գնով պահել այդ հաշիվը: Բայց Մոուրինյոյի քննադատները սխալվեցին. 2-րդ խաղակեսում Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հերթական գլուխգործոց-գոլը խփեց մանկունիանցիների կազմում՝ 2-0:

«Մանչեսթր Յունայթեդի» երկրպագուները երանության մեջ էին, իսկ դինամիկ ու գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող «Այաքսի» երկրպագուներն արդեն գիտակցում էին, որ գավաթը վաստակելու հույսը հօդս է ցնդում: Մխիթարյանին խաղավերջում փոխարինեց Ջեսսի Լինգարդը, հետաքրքիր հանդիպումը մոտեցավ ավարտին, վերջին րոպեին դաշտ դուրս եկավ թիմի լեգենդ Ուեյն Ռունին, ով անմիջապես ստանձնեց ավագի պարտականությունները: Հնչեց սուլիչի ձայնը: Թիմը տոնում էր հաղթանակը, խաղացողներին միացել էին նաև վնասվածքներ ստացած մարզիկները, այդ թվում՝ մրցաշրջանի ընթացքում մեծ դեր ունեցած Զլատան Իբրահիմովիչը:

Թիմի երկրպագուները երջանիկ են՝ ահա նրանցից մեկի ուղերձը. «Մենք ապացուցեցինք, որ «Իսլամական պետությունը» ոչ մի բանի չհասավ, դա սոսկ չարիք է, ով էլ հաղթեր՝ մենք, թե «Այաքսը», այսօր հաղթեց ֆուտբոլը»: Ֆոտբոլիստները հաղթանակը նվիրել են Մանչեսթրին: Խաղից հետո հայոց եռագույնով դաշտ դուրս եկած Մխիթարյանը, որին անգլիացի երկրպագուներն անվանում են Միքի (Հայաստանում՝ Հենո), այդ հաղթանակը նվիրել է նաև Հայաստանին:

Ժոզե Մոուրինյոն խաղից հետո ասել է, որ թիմը չի կարող Մանչեսթրի ողբերգությունից հետո լիիրավ տոնել հաղթանակը: «Հաղթանակը ոչ մի համեմատություն չունի մարդկանց տառապանքի հետ: Եթե մեզ ասեին՝ զիջեք գավաթը, և ողբերգություն չի լինի՝ մեկ վայրկյան իսկ չէինք մտածի»,- ասել է Մոուրինյոն:

«Մանչեսթր Յունայթեդի» հաղթանակը մեծ ոգևորությամբ են տոնում այդ թիմի երկրպագուները: Բնավ զարմանալի չէ, որ դրան ուրախությամբ են արձագանքում նաև հայաստանցիները: «Ազատության» հետ զրույցներում հայաստանցի ֆուտբոլասերները նշել են, թե հպարտանում են Մխիթարյանով և նրանից ակնկալում են նոր նվաճումներ՝ այդ թվում Հայաստանի ընտրանու կազմում:

Հայազգի աստղի խաղը «Ազատության» խնդրանքով գնահատել է ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը: Նրա փոխանցմամբ, Մխիթարյանն առաջին խաղակեսում լարված էր, ստացավ դեղին քարտ, բայց երկրորդ խաղակեսում շատ լավ խաղաց, դրան նպաստեց նաև «ֆանտաստիկ գեղեցկության գոլը»:

«Մինչև փոխարինվելը, Հենրիխ Մխիթարյանը պարզապես ճախրում էր, հսկայական աշխատանք կատարեց, օգնելով պաշտպաններին որպես ձախ կիսապաշտպան՝ հարձակման դիրքում»,- ասել է մեկնաբանը:

«Մանչեսթր Յունայթեդը» առաջին անգամ է վաստակել Եվրոպայի լիգայի գավաթը: Մխիթարյանը 6 գոլով դարձել է մրցաշարի ռմբարկուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG