Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն միանում է «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիային


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 25-ը մայիսի, 2017թ․

ՆԱՏՕ-ն միանում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիային: Սա ամենակարևոր հայտարարությունն է, որ այսօր Բրյուսելում մինչ գագաթնաժողովի մեկնարկը ներկայացրեց դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Բոլոր 28 անդամները և գլոբալ կոալիցիան համաձայն են ՆԱՏՕ-ի անդամակցությանը կոալիցիային: Սա ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի հանձնառությունների քաղաքական ուժեղ ուղերձ է», - հայտարարել է նա՝ միաժամանակ նշելով, որ սա չի նշանակում, թե ՆԱՏՕ-ն անմիջականորեն ներգրավվելու է մարտական գործողություններում:

Մինչև հիմա ՆԱՏՕ-ն չէր միացել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող միջազգային կոալիցիային՝ չնայած այդ կոալիցիան գլխավորում է Միացյալ Նահանգները, ու դաշինքի անդամ մի շարք երկրներ որպես առանձին պետություններ մասնակցում են իսլամիստների դեմ պայքարին: ՆԱՏՕ-ն կոալիցիոն ուժերին օգնում էր զինվորական խորհրդականներով:

Ըստ միջազգային գործակալությունների հաղորդագրությունների՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան դեմ են ՆԱՏՕ-ի մասնակցությանը ցամաքային մարտական գործողություններին, ինչը կարող է ռիսկի տակ դնել արաբական աշխարհի հետ հարաբերությունները: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանում քննադատել էր ՆԱՏՕ-ի գործունեությունը, այն համարել էր հնացած և պնդել էր, որ դաշինքը պետք է ավելի ակտիվ լինի ահաբեկչության դեմ պայքարում, ու բոլոր անդամները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները:

Այսօր Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում երկու հիմնական հարց կա՝ ահաբեկչության դեմ պայքարը և ռազմական ծախսերի ավելացումը: ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի 70 տոկոսը փակում է Միացյալ Նահանգները:

Դաշինքի դիվանագիտական աղբյուրները «Ազատությանը» ասել են, որ այսօրվա հանդիպմանը ՆԱՏՕ-ն պաշտոնապես միանալու է ահաբեկչության դեմ պայքարին:

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնելու է հետախուզական օդանավերի թռիչքները՝ օգնելու հակաահաբեկչական գործողություններին, Իրաքում վարժական ծրագրեր է իրականացնելու: Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարը բարելավելու պլան է ընդունվելու, նշանակվելու է հակաահաբեկչական գործողությունների համակարգող, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնագիտացված բաժին է ստեղծվելու:

Ինչ վերաբերում է ռազմական ծախսերի ավելացմանը, Ստոլտենբերգն ասել է, որ անդամ երկրներից յուրաքանչյուրը իր ներքին համախառն արդյունքի 2 տոկոսը պետք է ուղղի ռազմական ծախսերին: Անցյալ տարվա տվյալներով պարտավորված ծախսերը 28 անդամներից կատարել են միայն 5-ը՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Լեհաստանը, Էստոնիան և Հունաստանը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայում 23 երկրներ են ընդգրկված, նրանք միասին Սիրիայում և Իրաքում 9-հազարանոց զորք ունեն, իսկ կոալիցիայի օդուժը մինչ հիմա ավելի քան 19 հազար ավիահարված է հասցրել իսլամիստների թիրախներին:

Միջազգային կոալիցիային Հյուսիսատլանտյան դաշինքի միանալը նշանակալիորեն կմեծացնի համակարգումը «Իսլամական պետության» դեմ պայքարում, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Երեկ ժամանելով Բրյուսել՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ Մանչեսթրի մահաբեր պայթյունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան վտանգավոր են սպառնալիքները, և պետք է հաղթել ահաբեկչության դեմ պայքարում:

Թրամփը հիմա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG