Մատչելիության հղումներ

Թիլերսոնը հրապարակել է Ռուսաստանի՝ «Մեծ յոթնյակ» վերադարձի նախապայմանը


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Ռուսաստանը չի վերադառնա ամենազարգացած երկրների ակումբ՝ Մեծ յոթնյակ, քանի դեռ չի վերականգնվել Ուկրաիանայի ինքնիշխանությունը: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։ Պետքարտուղարը վերահաստատել է Վաշինգտոնի և Մեծ յոթնյակի մյուս անդամների դիրքորոշումն առ այն, որ Ռուսաստանի վերադարձն ակումբ հնարավոր է միայն ուկրաինական ճգնաժամի կարգավորումից հետո։

Թիլերսոնի խոսքով, Ռուսաստանն այդ ակումբից հեռացել է ուկրաինական խնդրի պատճառով և վերադառնալու համար նախևառաջ պետք է այդ խնդիրը կարգավորվի: «Մենք Ռուսաստանին հստակորեն բացատրել ենք, թե ինչ է դա նշանակում, խոսքը Մինսկի համաձայնագրերի կատարման և Ուկրաինայի ինքնիշխանության վերականգնման մասին է»,- ասել է Թիլերսոնը։

Մեծ յոթնյակի գագաթնաժողովն այս անգամ տեղի է ունենալու Իտալիայում՝ Սիցիլիայի Տաորմինա քաղաքում, մայիսի 26-27-ին։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, թե Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ Մեծ յոթնյակ, և այդ թեման Կրեմլում չեն քննարկում։

Մեծ յոթնյակում ընդգրկված են Ամերիկայի Միացյալ Նահանգները , Կանադան, Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ 1994 թվականին Ռուսաստանը ևս անդամակցեց ակումբին, որը սկսեց կոչվել Մեծ ութնյակ: 2014-ին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից, մասնավորապես, Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումից հետո ակումբի՝ Սոչիում կայանալիք հավաքը չեղյալ հայտարարվեց, այն ավելի ուշ կայացավ Բրյուսելում: Դրան Ռուսաստանն արդեն հրավիրված չէր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG